17:49 | 01.11.23 | Նորություններ | 1547

«Մեկնարկի՛ր» ծրագիրը հայտեր է ընդունում

Օն-լայն լրատվամիջոցների հայկական ասոցիացիան եւ Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ, մեկնարկում են «Մեկնարկի՛ր» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աջակցել ավագ դպրոցի աշակերտներին, որոնք ստարտափ հիմնելու գաղափարներ և ներուժ ունեն, սակայն չգիտեն՝ ինչից սկսել եւ ինչպես խուսափել ամենատարածված սխալներից:

Ծրագրի միջոցով հնարավոր կլինի բացահայտել շնորհալի երիտասարդներին եւ օգնել նրանց կատարել ստարտափ հիմնելու ուղղությամբ առաջին քայլերը:

Դիմելու եւ ընտրության կարգը

Ծրագրին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ավագ դպրոցների (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններ) աշակերտները:

Առաջին փուլում դիմորդները պետք է contest@mediamax.am հասցեին ուղարկեն ազատ ոճով գրված մոտիվացիոն նամակ (մինչեւ 1 էջ), որում կներկայացնեն, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին: Եթե մասնակիցը ստարտափի գաղափար ունի, կարող է կցել նաեւ դրա նկարագրությունը (մինչեւ 1 էջ): Պարտադիր պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ID քարտ, ծննդյան վկայական) պատճե եւ կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար եւ էլեկտրոնային փոստի հասցե:

Հայտերը պետք է ուղարկել մինչեւ 2023թ․-ի նոյեմբերի 20-ը ներառյալ:

Առաջին փուլը հաղթահարած հայտատուներին ընտրող հանձնաժողովը կհրավիրի հարցազրույցի, որի արդյունքում էլ կընտրվեն ծրագրի մասնակիցները (մինչեւ 15 հոգի):

Բովանդակությունը

Ծրագրի առաջին հատվածում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանում գործող ընկերությունների եւ հիմնադրամների ղեկավարների հետ, որոնց ընթացքում աշակերտները կստանան բազային գիտելիքներ ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ։

Ծրագրի երկրորդ հատվածում կգործեն աշխատարաններ. աշակերտների փոքր խմբերի հետ կաշխատեն մենտորները։ Աշակերտները կներկայացնեն իրենց գաղափարները, կքննարկեն դրանց կենսունակությունը, անհրաժեշտության դեպքում կձեւավորեն նոր գաղափարներ եւ կմշակեն ստարտափ նախագծեր։

Ծրագրի երրորդ հատվածում՝ աշխատարաններում, մշակված ստարտափ նախագծերը կմրցեն միմյանց հետ եւ լավագույնները կստանան խրախուսական դրամական պարգեւներ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 1,000,000 դրամ է։

«Մեկնարկի՛ր» ծրագրի փուլերի մանրամասն նկարագրությունը ներկայացված է ստորեւ:

Փուլ I

2023թ. նոյեմբերի 1-ից նոյեմբերի 20-ը՝ հայտերի ընդունում:

Փուլ II

2023թ. նոյեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը՝ հարցազրույցներ, մասնակիցների ընտրություն:

Փուլ III

2023թ. դեկտեմբերի 11՝ նախագծի պաշտոնական մեկնարկ:

Փուլ IV

2023թ. դեկտեմբերի 11-ից 2024թ. փետրվարի 28-ը՝ սեմինարներ մենտորների հետ:

Փուլ V

2024թ. մարտի 1-ից մայիսի 31-ը՝ աշխատարաններ:

Փուլ VI

2024թ. հունիսի 20՝ արդյունքների ամփոփում եւ պարգեւատրում: