10:59 | 11.10.23 | Նորություններ | 2008

Առաջատար տեխնոլոգիաները ԴիջիԹեք23-ին՝ մեր երկրի խնդիրներին լուծումներ գտնելու համար

Դրոններից մինչեւ էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս եւ տեղական պրոդուկտներից մինչեւ գիտահետազոտական եւ տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ․ այս ամենը կարելի է գտնել 18-րդ «ԴիջիԹեք»-ում՝ հոկտեմբերի 13-15-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում։

«Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում են հատկապես Հայաստանում առաջացած խնդիրները:

«Մենք ցույց ենք տալիս, որ հուսալի եւ կայուն գործընկեր ենք ամբողջ աշխարհի համար՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից: Պետք է աշխատել արդեն մի քանի ուղղությամբ, ուստի տեխնոլոգիական համայնքն ու տնտեսությունը պետք է գործեն հատկապես այս պայմաններում: Այս տարի ոլորտի հետ միասին կներկայանան նաեւ «Ազատազեն» ռազմակրթական ՀԿ-ն, Laser War Armenia-ի ռազմա-տակտիկական խաղ-սպորտաձեւի թիմը, ինչպես նաեւ տարածքում կտեղադրվի «ՈՄԱ Գմբեթ»»,- ասուլիսին ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

Արցախից բռնի տեղահանված ընկերությունները կներկայանան միասնական տաղավարով, ինչպես նաեւ «ԴիջիԹեք»-ում ներկայացված կլինի մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը սպասվում է հոկտեմբերի վերջին։ Բացի այդ, ցուցահանդեսին Armenian Code Academy-ին մասնագիտական սեմինարներ կանցկացնի՝ արցախցի մեր հայրենակիցների համար։ Միջոցառման օրերին հնարավոր կլինի նաեւ փնտրել աշխատատեղեր։ ԱՏՁՄ-ն առաջարկում է աշխատատեղեր՝ Արցախի մեր հայրենակից ուսուցիչների համար, որոնք կուզեն դառնալ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներ։

«ԴիջիԹեք»-ն աշխարհին լսելի դարձնելու համար տեխնոլոգիական միջոցառումը լուսաբանելու կժամանեն միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Independent-ից, Forbes-ից, Make Use Of-ից եւ Benzinga-ից։

«ԴիջիԹեք» 2023-ը կմեկնարկի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին։ Պաշտոնական բացման արարողությունը կհայտարարեն ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Օրակարգը՝ հասանելի է «ԴիջիԹեք»-ի կայքում։ Մուտքն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։