13:03 | 28.09.23 | Նորություններ | 1897
Հայ հիմնադիր ունեցող լոգիստիկ ստարտափ Zerobroker-ը հայտարարել է 6,5 միլիոն դոլարի սաղմնային փուլի ներդրում ստանալու մասին, որն ուղղվելու է ընկերության տեխնոլոգիական զարգացմանն ու հաճախորդների աճին։
Ներդրումային շրջափուլին մասնակցել են Flexport-ը, FundersClub-ը, Streamlined Ventures-ը եւ այլ ներդրողներ: Ընկերությունը հավաքել է մոտ 7 միլիոն դոլար՝ YCombinator-ի (YC) ձմեռային 2021 խմբի մաս լինելուց հետո: Ընկերության վաղ ներդրողներից մեկը հայկական SmartGateVC ֆոնդն է։
Zerobroker-ը արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է, որն առաքման գործընթացից հեռացնում է բեռնափոխադրող բրոքերներին: Սան Ֆրանցիսկոյում գործող ստարտափի մշակած տեխնոլոգիայի նպատակն է նվազեցնել ծախսերը, ավտոմատացնել եւ պարզեցնել լոգիստիկ գործընթացներն ու խնդիրները:
Zerobroker-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գեորգի Մելքոնյանը, որը տրանսպորտային ինժեներիայի ոլորտում դոկտորի կոչում է ստացել եւ ոլորտում է ավելի քան 15 տարի, նշել է՝ աշխատում են ոլորտի թվայնացման ուղղությամբ, բայց ամենակարեւորը կենտրոնացած են առաքողին եւ փոխադրողին ավելի մոտեցնելուն:
Նոր ֆինանսավորմամբ Zerobroker-ի համար այժմ գլխավորն ավելի շատ հաճախորդներ ավելացնելն է՝ միաժամանակ արժեքավոր լուծումներ տրամադրելով իր ներկայիս հաճախորդներին: