14:44 | 15.09.23 | Նորություններ | 2478

3 մեդալ` ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայից

Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան:

Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը եւ Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):

Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝  արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե  մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագիր։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը եւ Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)։

Օլիմպիադային մասնակցել են 24 երկրի 96 ներկայացուցիչ։ Անցկացման ձեւաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձեւաչափին եւ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Նշենք, որ 2022-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց ձեւաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալի։