16:17 | 05.09.23 | Նորություններ | 1079

X-ը ծրագրում է հավաքել օգտատերերի կենսաչափական տվյալները

X-ը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, կսկսի հավաքել օգտատերերի կենսաչափական տվյալները:

Նոր գաղտնիության քաղաքականությունում փոփոխությունն առաջին անգամ նկատել է Bloomberg-ը: Ըստ որի՝ ընկերությունը ցանկանում է հավաքել նաեւ օգտատերերի աշխատանքի եւ կրթության պատմությունը: Քաղաքականության էջում նշվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 29-ից։

«Ձեր համաձայնության հիման վրա մենք կարող ենք հավաքել եւ օգտագործել ձեր կենսաչափական տեղեկությունները անվտանգության եւ նույնականացման նպատակներով», - ասվում է նորացված քաղաքականության մեջ: Թեեւ X-ը չի նշել, թե ինչ է նշանակում կենսաչափական տեղեկատվություն, այն սովորաբար օգտագործվում է մարդու ֆիզիկական բնութագրերը նկարագրելու համար, ինչպիսիք են դեմքը կամ մատնահետքերը: X-ը նաեւ չի մանրամասնել, թե ինչպես է նախատեսում հավաքել դրանք:

Ընկերությունը Bloomberg-ին ասել է, որ կենսաչափական տվյալները նախատեսված են պրեմիում օգտատերերի համար, նրանց հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց պետական ID-ն եւ նկարը՝ նույնականացման հավելյալ շերտ ավելացնելու համար, հայտնում է Bloomberg-ը։

«Սա նաեւ կօգնի X-ին պայքարել նմանակման փորձերի դեմ եւ հարթակն ավելի անվտանգ դարձնել», - ասվում է X-ի հայտարարության մեջ:

Ի հավելումն կենսաչափական տեղեկատվության նոր փոփոխությունների, X-ի նորացված քաղաքականությունն ասում է, որ այն կսկսի պահպանել նաեւ օգտատերերի աշխատանքի եւ կրթության պատմությունը:

«Մենք կարող ենք հավաքել եւ օգտագործել ձեր անձնական տվյալները (օրինակ՝ ձեր աշխատանքային պատմությունը եւ նախապատվությունները, կրթական պատմությունը, հմտություններն ու կարողությունները, աշխատանք փնտրելու գործունեությունը, ներգրավվածությունը եւ այլն)՝ ձեզ պոտենցիալ աշխատատեղ առաջարկելու, դրանք պոտենցիալ գործատուների հետ կիսվելու համար, որպեսզի գործատուները կարողանան գտնել թեկնածուներ եւ ձեզ ավելի համապատասխան գովազդ ցույց տան»,- ասվում է նորացված քաղաքականության մեջ։

Այս քայլը, ըստ երեւույթին, կապված է X-ի բետա ֆունկցիայի հետ, որը թույլ է տալիս հարթակում հաստատված կազմակերպություններին իրենց պրոֆիլներում տեղադրել աշխատանքային հայտարարություններ: Սոցիալական մեդիայի հսկան նաեւ ստեղծել է պաշտոնական @XHiring հաշիվ: Աշխատանքի ընդունման նախաձեռնությունը Մասկի՝ X-ը «ամեն ինչի հավելված» վերածելու ծրագրերի մի մասն է: