17:10 | 27.07.23 | Նորություններ | 2039
Գործարկվել է ստարտափների ներդրումային գրավչության գնահատման Orion Score հարթակը:
Orion Score-ը համապարփակ գնահատման գործընթացով գնահատում է ստարտափների ներդրումային ներուժը: Գնահատման համակարգը հաշվի է առնում ստարտափի արագացված աճի համար էական նշանակություն ունեցող գործոնները:
Orion Score-ը SaaS հարթակ է՝ արհեստական բանականության կիրառմամբ: Գնահատման բանաձեւը որոշվել է ձեռնարկատերերի, տվյալագետների, վենչուրային կապիտալիստների, հրեշտակ ներդրողների, ընտանեկան գրասենյակների փորձագետների կողմից՝ հիմնված հաջողություն գրանցած ստարտափների պատմության տվյալների վերլուծության վրա:
«Ստեղծել ենք ստարտափների համար SaaS հարթակ, որտեղ մի քանի րոպեում կարելի է տեսնել տվյալ ստարտափի ներդրումային գրավչությունը ներդրողի տեսանկյունից։ Համագործակցել ենք փորձագետների հետ, որոնք ուղեկցել են բազմաթիվ ստարտափների մինչեւ միաեղջյուր։ Արդյունքում ստարտափներն Orion Score-ի միջոցով մի քանի րոպեում կարող են ստանալ գնահատական եւ բարելավման առաջարկներ, ինչը նախկինում շաբաթներ ու զգալի ջանքեր կպահանջեր»,- նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր եւ գլխավոր տեխնիկական տնօրեն Անդրանիկ Երիցյանը:
Գնահատման համակարգից կարող են օգտվել ստարտափները եւ ներդրողները: Միավորները տրվում են 0-500 միջակայքում: Ստարտափների միավորները հավաքվում են 5 հիմնական գործոնների գնահատմամբ.
1) ստարտափի ղեկավարությունն ու թիմը, փորձը, անցած ճանապարհը,
2) ֆինանսական վիճակը,
3) աճի ներուժը, բիզնես մոդելը,
4) մրցակցային առավելություններն ու ռիսկերը,
5) նորարարական բաղադրիչը:
Ցանկացած ստարտափ կարող է ստանալ Orion Score իր միավորները՝ գրանցվելով հարթակում: