16:14 | 13.07.23 | Նորություններ | 7052

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Լոռիում 20 հազար ծառ է մուլչապատվել

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում Վիվա-ՄՏՍ-ի նվիրատվության շնորհիվ աշնանը 20 հազար ծառ է տնկվել: Վիվա-ՄՏՍ-ի անվանական տարածքում, 6 հա տարածքի վրա՝ Ջրաշեն գյուղի թեքադիր սարերում, 20 հազար նորատունկ ծառի մուլչապատում է իրականացվել:

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն անտառ ստեղծելու լուրջ ջանքեր են գործադրել: Բարձր լեռնային հատվածում ութ ամիս առաջ իրականացված աշխատանքները դեռեւս ավարտված չեն համարվում:

Տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Կա եւ անտառների ծավալը մեծացնելու, եւ դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն:

Համատեղ ծրագրով Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը լուծում են ոչ միայն բնապահպանական, այլեւ մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: Բնապահպանական հասարակական այս կազմակերպության հիմնական աշխատողների թիվը 49 է: Նրանց գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են:  Անտառատնկման եւ խնամքի սեզոնին հիմնական խմբին միանում է եւս 200 աշխատող տեղական համայնքներից։ Այս տարի մուլչապատմանը մասնակցել է 80 աշխատող Լոռու մարզի Ջրաշեն, Շիրակամուտ, Լեռնապատ, Սարամեջ համայնքներից: Նրանք սպասում են ցանկալի արդյունքի՝ ապագա սերնդի համար թթվածնի եւ ջրի պաշար ստեղծելու հեռանկարով: Խնամում են սիրով եւ կարծում, որ այդ հոգատարությունը եւս հայրենասիրության դրսեւորման օրինակ է: