11:52 | 11.07.23 | Նորություններ | 6722
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցությամբ Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է ավարտվել:
Գյուղում ավելացել է LED-լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը: Տեղադրվել է 54 լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն չորս տարի կոթեցիների կողքին են։ Այս ընթացքում մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերներն ընդհանուր առմամբ լուսավորել են 5600 մ ճանապարհահատված, տեղադրել 148 LED-լուսարձակ:
Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքը որոշակի ներդրում է ունեցել արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման եւ դրանց համար որոշված հատվածները փորելու գործում:
Սահմանապահ Կոթիում Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում նախորդ տարեվերջին գործարկվել է նաեւ 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային նոր կայան: Դրա արտադրած էներգիան թույլ է տալիս առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը ապահովում է նաեւ տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։
2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ: