14:32 | 23.06.23 | Նորություններ | 1733

Խթանել նորարարությունը. Նյու Յորքում կայացել է Orion Summit 2023-ը

Հունիսի 22-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Harvard Club-ում տեղի է ունեցել «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով Orion Summit 2023 գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցում էր տեխնոլոգիաների, տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական ոլորտի շուրջ 100 բարձրաստիճան ներկայացուցիչ Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Գերմանիայից եւ Հայաստանից:

Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանն ասել է, որ դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի արտերկիր ներդրումները երկիրը կդիրքավորեն որպես աշխարհի գրավիչ ուղղություններից մեկը:

«Նորամուծություններով եւ աքսելերացիոն ծրագրերով վերջին երեք տարում ավելի քան 52 մլն. ԱՄՆ դոլար ենք հավաքել մեր ստարտափների համար, եւս 50 մլն. դոլարի գործարքներ կփակվեն մինչեւ տարեվերջ: Orion-ը նաեւ միաձուլումների եւ ձեռքբերումների հարթակ է. հենց հիմա մենք ունենք չորս ընթացիկ գործարք, որոնք կփակենք մինչեւ տարեվերջ»,- նշել է Դիանա Արզումանյանը:

 «Թվային Ջուղա ցանցը դիրքավորում է հայկական նորարարությունը, գիտությունը եւ բացառիկ ընկերությունները» պանելային քննարկմանը հայտարարվել է, որ նախաձեռնող խումբն աշխատում է տարբեր երկրներում հայկական կենտրոնների բացման ուղղությամբ, առաջինը կբացվի Դուբայում:

Նշվում է, որ գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել նաեւ Orion Scoring-ի շնորհանդեսը. այն աշխարհում առաջին համապարփակ գնահատման համակարգն է, որը կանխատեսելիություն եւ ստանդարտ է հաղորդում ներդրողներին ու ստարտափներին:

Գագաթնաժողովին նախորդած 3 աշխատանքային օրերին մասնակիցներն այցելել են մի շարք առաջատար կրթական, ֆինանսական հաստատություններ, վենչուրային ընկերություններ, հանդիպումներ ունեցել ներդրողների հետ, քննարկումներ ունեցել Bank of America-ում, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech-ում, Brooklyn Navy Yard-ում-ում, Fortune 100 այլ ընկերություններում: