13:06 | 15.06.23 | Նորություններ | 7286
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր տարիների ընթացքում չորս ծրագիր են իրականացրել Տավուշի մարզի Կողբ գյուղում:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միայն փողոցների մի մասի լուսավորության համար 3 ծրագիր են իրականացրել: Դրանցում մասամբ իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքը:
2020-ի ընթացքում Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով եւս 1500 մետր հատված:
Ընդհանուր ցուցանիշը փոխվել է նաեւ 2022 թվականին. տեղադրվել է եւս 58 LED լուսարձակ, լուսավորվել է 2.2 կմ ճանապարհ: Այսպիսով՝ երեք ծրագրի արդյունքում Վիվա-ՄՏՍ-ի եւ FPWC-ի ջանքերով գյուղում տեղադրվել է 145 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 5600 մետր երկարությամբ ճանապարհ։
Կողբում գործընկերների առաջին համատեղ ծրագիրն իրականացվել է չորս տարի առաջ թիվ 1 մանկապարտեզում: 1965 թվականին կառուցված ոչ տիպային շինությունը տարիներ շարունակ ձմռանը ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով շենքն սկսել են ջեռուցել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ արեւային ջրատաքացուցիչներով համալրված կենտրոնացված համակարգով:
«Սահմանապահ եւ հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: