10:55 | 25.04.23 | Նորություններ | 1464
Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Հավատարիմ լինելով իր՝ Շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերը։
Որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք որդեգրած ընկերություն՝ Team-ն արդեն մի քանի տարի է, ինչ անցում է կատարել էներգաարդյունավետ լուծումների՝ կապի եւ հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արեւային էներգիա, նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները։
Ընկերության ավտոպարկը շարունակում է համալրվել էլեկտրոմոբիլներով․ 2022թ-ին ձեռք բերած մեքենաների 98%-ը էլեկտրոմոբիլ է, որոնք աշխատում են անձայն շարժիչներով եւ զրոյական արտանետումներով։
Ներկայացնելով ընկերության բնության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Team Telecom Armenia ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է վարել ռեսուրսախնայող գործունեություն, նվազագույնի հասցնել իր գործունեության հետեւանքով առաջացող շրջակա միջավայրի հնարավոր աղտոտվածությունը՝ շեշտելով, որ իրենց ռազմավարական ծրագրերը մշակելիս այս ուղղությանը շատ մեծ կարեւորություն եւ առաջնահերթություն են տվել։
Team-ում ներդրվել է ռեսուրսների շրջանաձեւ օգտագործման հայեցակարգ (circularity), եւ թվային աղբի ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում եւ կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը՝ դրանք աղբավայր ուղարկելու փոխարեն։
Նշվում է, որ կրկնօգտագործումների եւ վերամշակումների շնորհիվ ընկերության թափոնների եւ օգտագործվող թղթի քանակն էականորեն կրճատվել է, իսկ վաճառակետերում ներդրվել են E-sim եւ E-pen տեխնոլոգիաները։