11:27 | 18.04.23 | Նորություններ | 2076

Հայկական PopUp School ստարտափը կմրցի 1 միլիոն դոլար մրցանակի համար

Հայկական PopUp School կրթական հարթակը ճանաչվել է լավագույններից մեկը աշխարհահռչակ The GSV Elite 200 2023 համաժողովի շրջանակում՝ ընտրվելով 69 տարբեր երկիր ներկայացնող 900-ից ավելի ստարտափից։

ԱՄՆ կրթական շուկայի համար ստեղծված PopUp School հարթակի համահիմնադիր Սուրեն Ալոյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում եւ ներկայացնում է հարթակը Սան Դիեգոյում ընթացող The GSV Elite 200 կրթական համաժողովում։ PopUp School-ը կմրցի կիսաեզրափակչում՝ 1 միլիոն դոլար մրցանակի համար։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել «The GSV Elite 200» կիսաեզրափակչի մասնակիցների ցանկում: Սա եւս մեկ կարեւոր խթան է մեր առաքելության ճանապարհին, այն է՝ աջակցել ուսուցիչներին ստեղծել անհատականացված, բարձր որակի դասեր, որոնք օգնում են լրացնել դպրոցականների ուսման բացերը՝ համապատասխանեցնելով ուսուցման եւ սովորելու ոճերը։ Մենք անհամբեր սպասում ենք 2023 թվականի GSV գավաթի կիսաեզրափակչի արդյունքներին»,- նշել է PopUp School կրթական հարթակի համահիմնադիր Սուրեն Ալոյանը:

PopUp School-ը 12-ամյա կրթության համար նախատեսված առցանց ուսուցման անհատականացված հարթակ է, որն իդենտիֆիկացնում է աշակերտի ուսանելու անհատական նախասիրություններն ու առանձնահատկությունները։  

PopUp School-ը արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել`դառնալով ԱՄՆ-ում 2022 թվականի լավագույն ստարտափ՝ ըստ 2022 Startup of the Year/IT Software by Globee Award եւ հայտնվելով 2022 Startup of the Year by Guess Education Award-ի լավագույնների ցանկում։

PopUp School-ը 2023 թվականին ներգրավել է 540,000 դոլար ներդրում՝ գնահատվելով 6 միլիոն դոլար իր նախնական ֆինանսավորման փուլում։