16:56 | 13.04.23 | Նորություններ | 1918

Ապրիլի 15-ին Հայաստանի 5 տարածաշրջանում կմեկնարկի ԴիջիԿոդ 2023 մրցույթը

Ապրիլի 15-16-ին կմեկնարկի «ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի մարզային փուլը։

Ապրիլի 15-ին մրցույթը կմեկնարկի միաժամանակ 4 կենտրոնում՝ Վանաձորի տեխնոկենտրոնում (Լոռի), Իջեւանի պետական համալսարանում (Տավուշ, Գեղարքունիք), Քարահունջի միջնակարգ դպրոցում (Սյունիք, Արցախ, Ջավախք) եւ Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային գիտակրթական համալիրում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Երեւան)։ Ապրիլի 16-ին կմրցեն Շիրակի տարածաշրջանի թիմերը՝ Գյումրու տեխնոկենտրոնում։

Մրցույթի մարզային փուլում կմրցի Հայաստանի տարբեր մարզերից մոտ 400 աշակերտ։ Այն մասնակիցները, որոնք կհաղթահարեն մարզային փուլը, ապրիլի 30-ին կուղեւորվեն Երեւան՝ մասնակցելու «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Մրցույթն արդեն 8-րդ անգամ է անցկացվում։ «ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։