12:41 | 07.04.23 | Հոդվածներ | exclusive 11069

DataArt Հայաստանի «սուպերհերոս» մայրիկներն՝ ամեն ինչ հասցնելու ու բալանսավորելու մասին

Աշխատանք 24/7 գրաֆիկով, լիակատար նվիրվածություն «մասնագիտությանն» ու «day-off»-երի բացակայություն: Հենց այս պայմաններով են «աշխատում» մայրերը: Իզուր չեն ասում՝ իրական սուպերհերոսը ոչ թե Սարդ-մարդն է կամ Սուպերմենը, այլ՝ մայրը: Երեխայի խնամքին զուգահեռ շատ կանայք աշխատում են ու լինելով ոլորտի պրոֆեսիոնալ՝ նպաստում իրենց ընկերությունների զարգացմանը:

Ընտանիք-աշխատանք բալանսի ու գործատուի ճկուն մոտեցման կարեւորության մասին iTel.am-ը զրուցել է DataArt Հայաստան ընկերության փոխտնօրենի ու այստեղ աշխատող «սուպերհերոս» մայրիկների հետ:


Իդա Առաքելյան, DataArt Հայաստանի ՄՌ ադմինիստրատոր

DataArt Հայաստանում աշխատում եմ 1,5 տարի: Երեք երեխա ունեմ: Մեծ աղջիկս 15 տարեկան է, փոքր երեխաներս զույգ են՝ 11 տարեկան: Աշխատանքի ու ընտանիքի միջեւ բալանսի պահպանումը ստացվել է ինքնաբերաբար: Կարծում եմ՝ լավագույն մոտեցումը հստակ բաժանելն է. աշխատավայրում պետք չէ մտածել տան մասին, իսկ տանն՝ աշխատանքի: Իհարկե, որոշ դեպքերում կարող են լինել բացառություններ:

Իդա Առաքելյանը Իդա Առաքելյանը
photo © Մեդիամաքս


Համաձայն եմ՝ մայրերն իսկապես սուպերհերոսներ են, քանի որ որոշ իրավիճակներում ինչ-որ կերպ ուժ ու լրացուցիչ ժամանակ է հայտնվում (ժպտում է – հեղ.): Լինում են դեպքեր, երբ հետ եմ նայում ու ինքս ինձ հարցնում՝ «ինչպե՞ս հասցրեցի»: Մի հետաքրքիր պարադոքս եմ նկատել՝ ավելի շատ երեխաներ ունենալու դեպքում, ստացվում է ավելի շատ աշխատել: Կարծում եմ՝ ամեն ինչ ցանկությունից է կախված. եթե շատ ես ուզում այս կամ այն բանն անել, ապա ժամանակդ ճիշտ կկառավարես ու ամեն ինչ կստացվի:

Մայր դառնալուց հետո մասնագիտական ոլորտում ավելի նրբազգաց եմ դարձել, սրվել է կարեկցանքի զգացումը, ինչը շատ է օգնում ինձ՝ որպես ՄՌ մասնագետի: Պատասխանատվության ու նվիրվածության առումով ոչինչ չի փոխվել, որովհետեւ երեխաներից առաջ էլ պատասխանատու մոտեցումն աշխատանքին ինձ համար շատ կարեւոր էր:

Իդա Առաքելյանը Իդա Առաքելյանը
photo © Մեդիամաքս


Ինչ վերաբերում է DataArt Հայաստան ընկերությունում եղած մոտեցումներին, պետք է լավագույն գնահատականը տամ: Ընկերությունը լիովին մտնում է մայրերի դրության մեջ ու առաջարկում աշխատանքի հարմարավետ, ճկուն պայմաններ:

Երեխաները հանգիստ կարող են գալ նաեւ ընկերության գրասենյակ ու սպասել, մինչեւ մայրիկը կավարտի աշխատանքը: Ունենք նաեւ հատուկ հատված, որտեղ կա LEGO եւ այլ խաղալիքներ:

Աննա Մանուչարյան, DataArt ընկերության ավագ ծրագրավորող, թիմի ղեկավար

Ես նորաթուխ մամա եմ (ժպտում է – հեղ.), մի քանի օրից երեխաս կդառնա մեկ տարեկան: Աշխատանքի վերադարձա մայրության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, քանի որ DataArt-ն այս առումով շատ լավ պայմաններ է առաջարկում: Մնալով տանը՝ կարող ես հեռավար աշխատել եւ, միեւնույն ժամանակ, լինել երեխայիդ կողքին:

Աննա Մանուչարյանը Աննա Մանուչարյանը
photo © Մեդիամաքս


Մայր դառնալը, միանշանակ, բացահայտում է թաքնված ողջ ներուժդ ու չգիտես, թե որտեղից էներգիա ու մոտիվացիա է հայտնվում: Երեխայից հետո ժամանակի կառավարման հմտություններս նոր մակարդակի են հասել, իհարկե, փոխվել են նաեւ առաջնահերթությունները: Եթե նախկինում աշխատանքից ազատ պահին սուրճ կխմեի, հիմա նախընտրում եմ այդ մի քանի րոպեն անցկացնել երեխային գրկելով, նրա հետ զբաղվելով: Ծրագրավորողի աշխատանքը թույլ է տալիս գրաֆիկս ինչ-որ առումով ճկուն դարձնել, բայց քանի որ թիմի ղեկավար եմ, պետք է կարողանամ համակարգել նաեւ գործընկերներիս աշխատանքը: Ամեն դեպքում, մեկ-մեկ քնի հաշվին, բայց փորձում ենք հասցնել ամեն ինչ (ծիծաղում է – հեղ.): Չեմ ուզում ստել կամ հարցին վարդագույն ակնոցով նայել՝ միշտ չէ, որ ստացվում է պահել բալանսն ու միեւնույն ժամանակ լավ մայրիկ ու լավ աշխատակից լինել, բայց կարծում եմ՝ սա նորմալ է: Ամեն դեպքում, բնավորությունս հաշվի առնելով, ինքս ինձ երբեք թույլ չեմ տա թերանալ այս հարցերից որեւէ մեկում:

Աննա Մանուչարյանը Աննա Մանուչարյանը
photo © Մեդիամաքս


Շատ եմ կարեւորում կանանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես՝ աշխատաշուկայում: Ցավոք, Հայաստանում դեռ կա միտում, երբ մասնագիտական նույն հմտություններն ունեցող կնոջ ու տղամարդու միջեւ գործատուն նախընտրում է աշխատանքի ընդունել վերջինին: Մեծագույն ցանկությունս է, որ կնոջը դիտարկեն նույն սանդղակով, ինչ՝ տղամարդուն ու սեռը չլինի մրցակցային առավելություն: Շատ կարեւոր է նաեւ, որ հենց կանայք ճանաչեն իրենց իրավունքները, իմանան դրանք պաշտպանող օրենքներն ու ամենակարեւորը՝ պահանջեն, որ այդ օրենքները պահպանվեն:

Ելենա Ժերեբչիկովա, DataArt Հայաստան ընկերության մարքեթոլոգ

DataArt ընկերությունում աշխատում եմ ավելի քան յոթ տարի: Մեկ տարի առաջ Հայաստան տեղափոխվելուց հետո սկսեցի աշխատել DataArt-ի հայաստանյան գրասենյակում: 11 տարեկան աղջիկ ունեմ, բարդ տարիք է, սպասում եմ դեռահասության փուլին (ժպտում է - հեղ.):

Ելենա Ժերեբչիկովան Ելենա Ժերեբչիկովան
photo © Մեդիամաքս


Կարծում եմ՝ երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղելը ՏՏ ոլորտում հնարավոր է, քանի որ մենք ունենք հեռավար աշխատելու հնարավորություն:
Օրս հիմնականում ես եմ կառավարում ու եթե կարիք կա երեխայի հետ, օրինակ, պոլիկլինիկա գնալ, հանգիստ կարող եմ դա անել ցերեկն ու երեկոյան լրացնել աշխատանքային ժամերս: Աղջկաս ծնվելուց հետո ես մի «սուպերհատկություն» ձեռք բերեցի՝ եթե կենտրոնացած եմ աշխատանքի վրա, կողքս կատարվող ոչինչ չի կարող շեղել ինձ: Երբ մայրության արձակուրդից հետո վերադարձա գրասենյակ, այս հատկությունը շարունակում էր օգնել ինձ: Հիմա նկատում եմ՝ գործընկերներս կարող են զրուցել, ծիծաղել իմ կողքին, բայց եթե ես աշխատում եմ՝ կենտրոնացած եմ միայն անելիքիս վրա:

Ելենա Ժերեբչիկովան Ելենա Ժերեբչիկովան
photo © Մեդիամաքս


Մարդիկ տարբեր են ու շատերի համար մասնագիտական հաջողությունները կարող են կարեւոր չլինել: Բայց ես միշտ ցանկացել եմ հետաքրքիր աշխատանք ունենալ ու բացի մայր լինելուց, լինել նաեւ իմ ոլորտի լավ մասնագետ: Չեմ ասի, որ համատեղելը հեշտ է, բայց սա անհաղթահարելի բարդություն չէ:

Սոնա Ավագյան, DataArt Հայաստան ընկերության ավագ ծրագրավորող

DataArt Հայաստանում աշխատում եմ մոտ 4 տարի: Ունեմ մեկ երեխա ու մայրության արձակուրդից վերադարձել եմ մի քանի օր առաջ: Երեխաս երեք ամսական է ու եթե աշխատեի այլ ընկերությունում, գուցե, այսքան շուտ չվերադառնայի: DataArt-ում սա խնդիր չէ, քանի որ աշխատող մայրերն ամեն հարցում ստանում են ընկերության աջակցությունը: Ես հնարավորություն ունեմ որոշ ժամանակ աշխատել տնից՝ զուգահեռ տեսնելով երեխայիս մեծանալը:

Սոնա Ավագյանը Սոնա Ավագյանը
photo © անձնական արխիվից


Կան մայրիկներ, որոնք ցանկանում են մինչեւ երեք տարեկանը պարտադիր երեխայի հետ մնալ, ուզում եմ մի խորհուրդ տալ՝ եթե գործատուն պատրաստ է ճկուն պայմաններ ստեղծել ձեզ համար, վերադարձեք աշխատանքի: Անընդհատ տանը լինելը, կենցաղը, ֆիզիկական հոգնածությունն, ի վերջո, բերելու են սպառման, իսկ երեխան երջանիկ է, երբ երջանիկ է նրա մայր: Լավ մայր ու լավ մասնագետ լինելը պետք չէ հակադրել իրար ու այս երկուսը հաստատ հնարավոր է համատեղել: Ինձ համար, օրինակ, մայր դառնալը լրացուցիչ մոտիվացիա է, որ կայանամ որպես մասնագետ ու երեխաս հետո կարողանա հպարտանալ իր մայրիկով: Կարծում եմ՝ պետք է պարզապես ճիշտ սահմանել առաջնահերթություններն ու ամեն ինչ կստացվի:

Իշխան Մարգարյան, DataArt Հայաստան ընկերության փոխտնօրեն, ՄՌ ղեկավար

DataArt Հայաստանում հպարտությամբ արձանագրում ենք փաստը, որ մեր ամբողջ անձնակազմի 39 տոկոսը կին է, իսկ սա բավականին լավ ցուցանիշ է:

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Մեզ մոտ բացառված է ցանկացած խտրականություն: Հնարավոր չէ, որ աշխատանքի ընդունման հարցազրույցի ընթացքում ձեզ հարցնեն ընտանեկան կարգավիճակի, պլանավորվող մայրության կամ նման այլ անձնական հարցերի մասին: Սա մեզ համար ավելին է, քան կարմիր գիծը:

Փորձում ենք խուսափել նաեւ «դրական» խտրականությունից ու չենք ցանկանում ինչ-որ գործոններից ելնելով՝ աշխատակիցների այս կամ այն խմբին առավելություններ տալ: Պարզապես փորձում ենք լինել առավելագույնս ճկուն, հաշվի ենք առնում աշխատակիցների անհատական պահանջներն ու կարիքները: Կարծում եմ՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը բավականին ընդգրկուն է ու եթե բոլոր կազմակերպությունները գործեն դրան համապատասխան՝ աշխատող կանայք ու մայրերը երբեք խնդիրներ չեն ունենա:

Ինքս ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա ու կինս նույնպես աշխատող մայրիկ է: Մայրության ու գեղեցկության տոնի առիթով ցանկանում եմ, որ բոլոր կանայք երբեք չհանդիպեն որեւէ խտրականության ու միշտ լինեն միջավայրում, որտեղ իրենց գնահատում են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր կազմակերպություն պետք է կարեւորի կանանց ներուժն ու յուրահատուկ ներդրումը, որն արտահայտվում է կյանքի բոլոր ոլորտներում:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի