14:08 | 06.04.23 | Նորություններ | 3065

Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է Հայաստանի առաջին 5G ցանցը

Վիվա-ՄՏՍ-ն ազդարարել է Երևանում իր՝ 5G ցանցի գործարկման մասին:

Նոր սերնդի ցանցն առաջինն է Հայաստանում:

«5G ցանցի գործարկումը լիովին համահունչ է Վիվա-ՄՏՍ-ի երկարաժամկետ ծրագրերին. ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ, ինչպես նաև՝ նպաստում է ազգային տնտեսության զարգացմանը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Վիվա-ՄՏՍ-ի կողմից Հայաստանում 5G ցանցի զարգացումը կիրականացվի փուլ առ փուլ:

5G ցանցն այս պահի դրությամբ հասանելի է Երևանի փոքր կենտրոնում՝ առաջիկայում ընդլայնվելու հեռանկարով:

«Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեությամբ վերահաստատում է Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում նորարարությունների առաջատարը լինելու փաստը: Մասնավորապես՝ 2009 թվականին, Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է գործարկել 3G/UMTS/HSPA ցանցը: 2010-ի դեկտեմբերին ընկերությունը դարձյալ առաջինը Հայաստանում, գործարկել է  4G/LTE ցանցը, ինչի շնորհիվ մեր երկիրը դարձել է  այդ ցանցը կիրառող՝  աշխարհի տասն առաջադեմ երկներից մեկը: 5G ցանցի գործարկումը ևս ընկերության նորարարությանը միտված ռազմավարության տրամաբանության շրջանակում է», - հայտնել են ընկերությունից:

«Հայաստանում բաժանորդներին հասանելի 5G ցանցի գործարկմամբ՝ Վիվա-ՄՏՍ-ը վերահաստատում է երկրում տեխնոլոգիական առաջատար լինելը: Ցանցի հետ համատեղելի սմարթֆոններ օգտագործողները հնարավորություն կստանան զգալու նոր տեխնոլոգիայի բոլոր առավելությունները՝ հատկապես մեծածավալ բովանդակություն ներբեռնելիս, տեսանյութեր դիտելիս և հեռարձակելիս, ամպային խաղեր խաղալիս կամ պարզապես արագ Wi-Fi ցանց սփռելիս», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարություններն ամենևին ինքնանպատակ չեն: Մենք պարզապես անում ենք այն, ինչ պետք է անենք: 5G-ն բաժանորդների հանդեպ մեր վերաբերմունքի դրսևորումն է, քանի որ մեր բաժանորդներն արժանի են ստանալու լավագույն ծառայությունները և լուծումները: Միևնույն ժամանակ, 5G-ն ինչպես և մեր մյուս ձեռքբերումներն ու նվաճումները, թիմային ոգու և քրտնաջան և  աշխատանքի արդյունք է, որի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ընկերության աշխատակիցներին», - ավելացրել է Արմեն Ավետիսյանը: