16:10 | 20.03.23 | Նորություններ | 1447
Financial Times-ի հետ զրույցում Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերը բացահայտել է, որ Microsoft-ը պատրաստվում է խաղերի առցանց խանութներ բացել iOS-ի եւ Android-ի համար:
Սա կարող է ընկերության արձագանքը լինել Եվրախորհրդարանի պահանջին, ըստ որի Apple-ը եւ Google-ը պետք է բացեն իրենց հարթակներն այլընտրանքային հավելվածների խանութների համար մինչեւ 2024 թվականի մարտը:
«Եթե կարգավորիչները թույլ տան Microsoft-ին ավարտել Activision Blizzard-ի գնումը, նոր խանութները կարող են գործարկվել արդեն հաջորդ տարի»,- ասել է Սփենսերը: Դրանք թույլ կտան յուրաքանչյուրին խաղալ Xbox-ի եւ երրորդ կողմի մշակած վիդեոխաղեր ցանկացած սարքով:
Առայժմ Microsoft-ը շարունակում է պայքարել Activision Blizzard-ը գնելու հնարավորության համար, որին պատկանում է Call of Duty խաղը։ Ֆիլ Սփենսերը կարծում է, որ գործարքը կօգնի Microsoft-ին մրցակցել բջջային խաղերի շուկայում եւ սմարթֆոններն անվանել է այսօրվա ամենակարեւոր խաղային սարքերը:
Միեւնույն ժամանակ Google-ը եւ Apple-ը շարունակում են պահպանել մենաշնորհներն իրենց մշակած հարթակներում։ Եվրախորհրդարանի նոր նախագիծը Microsoft-ին լավ հնարավորություն է ընձեռում դառնալու այս շուկայում խոշոր խաղացող։
Հանրաճանաչ խաղերը, ինչպիսիք են God of Destruction. Immortal-ը եւ Candy Crush Saga-ն, ինչպես նաեւ նոր բջջային նախագծերը, որոնք դեռ մշակման փուլում են, կօգնեն Microsoft-ին խաղասերների ուշադրությունը գրավել եւ հետաքրքրություն առաջացնել սեփական առցանց խանութի հանդեպ։