12:39 | 13.03.23 | Նորություններ | 10340

SADA-ն կթվայնացնի Հայաստանի կրթական համակարգը

Հայաստանի պետական մարմինները եւ Google Cloud-ի գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների եւ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:  

Մարտի 10-ին Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների եւ պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային մատակարար SADA ընկերության միջեւ:

«Հայաստանի պետական մարմինները կարեւորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաեւ քայլեր են ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար: Մենք պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ եւ մշակել աշխատանքային պլան՝ ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների եւ գործիքակազմի ինտեգրման համար, ինչպես նաեւ ապահովել համապատասխան ռեսուրսներ՝ ինտեգրման ծառայությունների մատակարարման համար»,- նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք կարեւորում ենք Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը: SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի եւ ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը եւ Chrome OS սարքերը՝ Google-ի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- նշել է SADA-ի Նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

SADA-ն նաեւ կտրամադրի ռեսուրսներ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին արտոնագիր ստանալու հարցում՝ Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար եւ Google Cloud-ի լուծումները մատակարարող մրցանակակիր ընկերություն է: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, ինչպես նաեւ Հայաստանում։