17:55 | 07.03.23 | Նորություններ | 3521

Microchip Technology-ն Հայաստանում միկրոչիպեր կարտադրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ը մուտք է գործում Հայաստան եւ հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցում, որի արդյունքում ընկերությունը մասնաճյուղ կբացի Հայաստանում։

«Մենք կարեւորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա եւ պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում», - ասել է վարչապետը։

Բրյուս Վեյերը նշել է, որ Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ եւ նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել Հայաստանի ՏՏ էկոհամակարգի զարգացմանը:

Նշվել է, որ Instigate Semiconductor-ը գրասենյակներ ունի Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում եւ ծրագրում է ընդլայնել գործունեությունը:

Բրյուս Վեյերի խոսքով՝ Microchip Technology ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ եւ հեռանկարային է համարում նաեւ տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը: