15:20 | 27.02.23 | Նորություններ | 1265
Ժամանակին տեխնոլոգիական ընկերությունները նախքան ոլորտի կրճատումերը առատաձեռն արտոնություններ էին տրամադրում իրենց անձնակազմին։
Ծախսերի կրճատման միջոցառումները, սակայն, ստիպել են որոշ տեխնոլոգիական ընկերությունների կրճատել աշխատակիցների արտոնությունները: Գրասենյակային մի քանի լավագույն առավելություն, որ վայելել են նրանք վերջին տարիներին:
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Google-ը եւ Meta-ն, փորձել են կրճատել ծախսերը՝ հրաժարվելով բոնուսներից եւ սահմանափակելով աշխատանքային ճանապարհորդությունները: Նրանք նաեւ ազատել են հազարավոր աշխատողների:
Google-ը վճարել է իր աշխատակիցներին դահուկ քշելու համար
Google-ը նախկինում իր աշխատակիցներին նվիրում էր դեպի Վերմոնտ ուղեւորություններ դահուկներով սահելու համար:
Ըստ ինժեներ Զաք Բոուլինգի, ով վերջերս է աշխատանքից ազատվել 8 տարի ընկերությունում աշխատելուց հետո, Google-ը թիմերի համար մի քանի տարի առաջ ուներ «զվարճանքների բյուջեներ»: Թիմերին թույլ է տրվել գումար ծախսել թիմբիլդինգի, ալկոհոլի կամ գրասենյակի համար սառնարանի վրա:
Google-ը հայտնի է նաեւ, որ իր գրասենյակներում ունի մարզադահլիճներ եւ մերսողներ:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ 27 մերսող թերապեւտ ազատ է արձակվել աշխատանքից Google-ի Mountain View գրասենյակից, երկուսին բաց են թողել Լոս Անջելեսի կամպուսից եւ մեկական՝ Սան Բրունոյում եւ Իրվինում:
Մեկ այլ բացառիկ արտոնություն Google-ից։ Ընկերությունը ֆինանսական օգնություն է առաջարկել մահացած աշխատողների ամուսիններին։ 2016-ին Forbes-ը հայտնել էր, որ եթե աշխատակիցը մահանա Google-ում աշխատելիս, տեխնոլոգիական ընկերությունը կօգնի հոգ տանել նրանց ընտանիքի մասին:
Համաձայն զեկույցի, որը ստացվել է Glassdoor-ից, Google-ը կշարունակի մահացած աշխատակցի ամուսիններին կամ կանանց վճարել 10 տարվա աշխատավարձի կեսը՝ գումարած յուրաքանչյուր երեխայի համար ամսական հավելյալ 1000 դոլար:
Նշենք, որ գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հունվարին հայտարարել էր, որ աշխատանքից ազատում է մոտ 12,000 աշխատակցի: Ինչպես նաեւ, արտոնությունները կրճատվել են եւ ընկերությունը հետաքրքրված չէ դրանցով։
Twitter-ի էքստրավագանտ լանչերը
Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերումը տխրահռչակ է դարձել ծախսերի կտրուկ կրճատմամբ: Մասկը կրճատել է հազարավոր աշխատակիցների, վաճառել Twitter-ի ունեցվածքը եւ կրճատել մնացած աշխատակիցների նպաստները:
Մասկի վաղ կառավարման ամիսներին նվազեցված արտոնություններից մեկը Twitter-ի անվճար սնունդն էր, որի մեկ չափաբաժինը, ըստ նրա, ընկերության համար արժենում էր 400 դոլար։
Twitter-ի անվճար սնունդն ու խմիչքը անցնում էր «մասնակի վճարովի» մոդելի: Նոյեմբերին Twitter-ի աշխատակիցներից մեկը The New York Times-ին ասել էր, որ ճաշարանը առաջարկել է երկու տեսակի մակարոն եւ պանիր, նաեւ աղցանի բար, սակայն բացակայում են նախկին սննդատեսակները, օրինակ, խորոված ծովախեցգետինը:
Apple-ը կազմակերպել է փոփ աստղերի մասնավոր համերգներ
Apple-ն իր աշխատակիցների համար կազմակերպել է հաճախակի խնջույքներ ու երեկույթներ, որոնց ժամանակ աշխատակիցներին հյուրասիրել են անվճար գարեջուր եւ սնունդ։ Ընկերությունը երբեմն մասնավոր համերգներ է կազմակերպել հայտնի արտիստների մասնակցությամբ, ինչպիսիք են Maroon 5-ը, Դեմի Լովատոն, Գվեն Ստեֆանին եւ այլք:
Apple-ը միակ խոշոր տեխնոլոգիական հսկան է, որը խուսափել է զանգվածային կրճատումներից:
Airbnb-ն աշխատակիցներին վճարում է ճանապարհորդելու համար
Airbnb-ն յուրաքանչյուր աշխատակցի ամեն տարի 2000 ԱՄՆ դոլարի չափով ճամփորդական վարկ է տրամադրում:
Բոնուսը վճարվում է եռամսյակային կտրվածքով եւ կարող է օգտագործվել աշխարհի ցանկացած կետում Airbnb-ի հարթակում կացարաններ ամրագրելու համար: Ընկերությունը նախորդ տարի հայտարարել էր, որ թույլատրվում է իր աշխատակիցներին աշխարհի ցանկացած վայրից աշխատանքը կազմակերպել:
Meta-ն տրամադրում է առողջապահական ծառայություններ հենց գրասենյակում
Meta-ն ատամնաբուժական եւ առողջապահական ծառայություններ է տրամադրում Կալիֆոռնիայի իր կենտրոնական գրասենյակի աշխատակիցներին: Ընկերությունը, որը 2022-ի նոյեմբերին աշխատանքից ազատել է իր աշխատուժի 13%-ին, համագործակցում է Crossover Health-ի հետ՝ Մենլո այգում առողջության կենտրոն ստեղծելու համար: Meta-ն Apple-ի հետ միասին վճարում է նաեւ իրենց կին աշխատակիցների ձվաբջիջների սառեցման ծախսերի մի մասը:
Այնուամենայնիվ, Meta-ն դեկտեմբերին հայտնել է, որ ծրագրում է կրճատել իր Life@ փաթեթը, որը ծածկում էր հոգեկան առողջության ծախսերը եւ աշխատանքի ու կյանքի հավասարակշռության կարիքները: Ընկերությունը չեղյալ է հայտարարել նաեւ Lyft-ի սուբսիդիան. աշխատակիցներն այլեւս Lyft-ի անվճար երթուղիներից չեն կարող օգտվել:
Asana-ի աշխատավայրի 10 000 դոլարանոց կահավորումը
Ըստ ԶԼՄ-ների, Asana-ի աշխատակիցները կարող են իրենց թույլ տալ գրասենյակային շքեղ կահույք, նորագույն համակարգիչներ՝ ընկերության կողմից հատկացված $10,000-ի չափով նպաստի շնորհիվ:
Ամերիկյան ծրագրային ապահովման ընկերությունն աշխատակիցներին առաջարկում է նաեւ օրական երկու անգամ տնական օրգանական կերակուրներ: