14:16 | 21.02.23 | Նորություններ | 1259

«ԴիջիԿոդ» մրցույթն ընդունում է հայտեր

Մեկնարկել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը։
 
Մրցույթի հիմնական նպատակներն են նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, խաղերի սպառողներից վերածել խաղ ստեղծողների, բացահայտել տաղանդավորներին եւ հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները, ինչպես նաեւ բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին եւ անհատներին։
 
«Դիջիկոդ» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորել Scratch / («Աղուես»), K-turtle / («Կրիայ»), Python («Փայթըն»), Particle, ESP32, IDE, C+++ ծրագրերով։
 
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցականները, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է: Մրցույթի կանոնակարգին եւ հայտագրման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Այս տարի այն կանցկացվի 8-րդ անգամ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։

«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթն իրականացվում է 2015-ից ի վեր։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 3500 դպրոցական Հայաստանի բոլոր մարզերից (ներառյալ՝ Արցախը), Ջավախքից եւ Հնդկաստանից։ 50-ից ավելի թիմ հաղթանակ է տարել, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգեւատրումներ եւ տարբեր տեսակի խրախուսումներ։