17:02 | 08.02.23 | Նորություններ | 1592

Հայտնի են «․Հայ»-նեթ» եւ «Վիքի.հայ» մրցույթների հաղթողները

Ամփոփվել են «․Հայ»-նեթ» եւ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթների արդյունքները: Հայտնի են դարձել .հայ տիրույթում լավագույնը ճանաչված 5 կայքերը, ինչպես նաեւ՝ «Վիքիմեդիայի» լավագույն 3 խմբագիրների անունները։

«․Հայ»-նեթ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող կայքերն են՝

•    Ծառայությունների ոլորտում լավագույն հայերեն բովանդակություն՝ «հայաստանով.հայ»,
•    Կրթական լավագույն հայերեն բովանդակություն՝ «ֆիզիկա9.հայ»,
•    Լավագույն խաղային, ժամանցային հայերեն բովանդակություն՝ «բառուկ․հայ»,
•    Լավագույն հայերեն մասնագիտական էջ՝ «անցավ․հայ»,
•    Լավագույն ստեղծագործական գաղափար՝ «վեդրո․հայ»։

․հայ տիրույթում ներկայանալու եւ հայերեն բովանդակությունը զարգացնելու նպատակով՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը եւ գրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին կազմակերպությունը նվիրել է .հայ դոմեններ՝ արմենպրես.հայ եւ մհերարշակյան.հայ։

«Վիքի.հայ» մրցույթի շրջանակում 2022-ին աշխատել է 12 խմբագիր եւ «Վիքիմեդիա» առցանց հանրագիտարանում հրապարակել 284 հոդված։ Հաղթողներն են՝ Հեղինե Խաչատրյանը, Արմինե Աղայանը, Դավիթ Օրդյանը։

Մրցույթները կազմակերպել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես .հայ եւ .am դոմենային տիրույթների կառավարիչ եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն։ Նպատակը .հայ տիրույթում գրանցված ու հայերեն բովանդակություն ստեղծող կայքերի զարգացումն է, հանրահռչակումը եւ համացանցում որակյալ բովանդակություն ստեղծողներին խրախուսելը։