17:17 | 27.01.23 | Հոդվածներ | exclusive 3508

Իգոր Խալաթյանի Iris-ը. AI dating-ն ու «թվային կլոնները»

FAST-ի հրեշտակների ցանցի համանախագահ, Oracle ընկերության նախկին փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը, ով նաեւ նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը (8848 մետր), հիմնել է նոր ստարտափ՝ ժամադրությունների Iris հավելվածը, որն արհեստական բանականության միջոցով օգնում է մարդկանց սեր գտնել։  

Iris-ն արդեն ունի 1,7 միլիոն օգտատեր տարբեր երկրներում եւ ներկայում մուտք է գործում հայկական շուկա։ Իգորի խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ AI-ը սկսել է հասկանալ գրավչության սկզբունքները։

iTel.am-ը զրուցել է Իգոր Խալաթյանի հետ ժամադրությունների հավելվածի ստեղծման գաղափարի, առանձնահատուկ տեխնոլոգիայի, հայաստանյան թիմի ու այստեղ Iris-ի զարգացման ծրագրերի մասին։  

Առաջնային գրավչության գաղտնիքը եւ Iris-ի գաղափարի առաջացումը

Արհեստական բանականությամբ զբաղվում եմ ավելի քան 20 տարի։ Այն, թե ինչպես է ուղեղն աշխատում, ինձ միշտ է հետաքրքրել է. որո՞նք են գրավչության չափանիշները, ինչպե՞ս է մեր ուղեղն ազդակներ ուղարկում գրավիչ մեկին տեսնելիս։    

Մի օր Նյու Յորքում սրճարանում նստած էի, բացվեց դուռն ու ներս մտավ մի կին, որը հաշված վայրկյանների ընթացքում ինձ գրավեց ու դա սեռական/սեքսուալ ռեակցիա չէր, այլ շատ ոգեշնչող բնույթի ազդակ էր։ Սկսեցի վերլուծել, թե ինչ կատարվեց ու ինչու ես նրան գրավիչ համարեցի՝ առանց նրա մասին որեւէ տեղեկություն ունենալու։ Չգիտեի՝ արդյո՞ք նա, օրինակ, սիրում է կատուներին, ի՞նչ կրոն է դավանում, ինչ քաղաքական հայացքներ ունի եւ այլն։ Բայց մեր ուղեղը միլիվայրկյանների ընթացքում նշաններ է ուղարկում այն մասին, որ տվյալ անձը քո համար գրավիչ է։

Կարդացի մի հոդված, որտեղ ասվում էր, որ այն պահին, երբ տեսնում ես ինչ-որ բան, որն ասոցացվում է սիրո ու զգացմունքների հետ, ուղեղն անջատում է 7-8 քիմական նյութեր, որոնցից միայն երկուսն են կապված սեռական ռեակցիայի հետ։ Կարելի է ասել, քիմիական կոկտեյլ է։

Քանի որ ես մաթեմատիկոս եմ, սկսեցի այս երեւույթը դիտարկել տրամաբանության սահմաններում։ Գոյություն ունի առաջնային գրավչություն հասկացությունը, որը կախված չէ այլ գրավչության տեսակներից։ Մարդիկ սովորաբար սիրահարվում են ժպիտին, շարժուձեւին, հումորի զգացմանը եւ այլն, բայց այստեղ խոսքը բնազդային ռեակցիայի մասին է։ Սկսեցի շատ գրականություն կարդալ այդ թեմայով՝ անտրոպոլոգներն ասում են, որ այն, ինչ մենք գրավիչ ենք համարում, կապ ունի մեր նախնիների հետ, այն պայմաններից, որոնցում նրանք ապրել են։  

Իգոր Խալաթյանը Իգոր Խալաթյանը
photo © Մեդիամաքս


Ըստ ուսումնասիրությունների՝ մեր մանկական հիշողությունների հաշվին կողակցի կատարյալ դիմային կերպարը կազմավորվում է մինչեւ 14 տարեկանը։ Մեկ ուրիշ հետաքրքիր փաստ կա. մեր երաժշտական ճաշակը ձեւավորվում է մինչեւ 25 տարեկան, դրանից հետո այն գրեթե չի փոխվում։

Ի վերջո, ինձ մոտ հարց առաջացավ. արդո՞ք հնարավոր է մշակել այնպիսի արհեստական բանականություն, որը կկարողանա հասկանալ, թե ով է մեզ դուր գալիս։ Խնդիրը շատ ավելի բարդ էր, քան սկզբում թվում էր, բայց ի վերջո մեզ հաջողվեց ստանալ նման մոդել: Ինքս էլ չէի հավատում, որ այն այդքան ճշգրիտ կարող է աշխատել։

Ինչպես է աշխատում Iris-ի տեխնոլոգիան

Առցանց ժամադրություններում եւ առհասարակ կյանքում ամենամեծ խնդիրը փոխադարձ գրավչությունն է, փոխադարձ հավանելու խնդիրն է։ Սա ամենադժվար խնդիրներից մեկն է ժամադրություններում։ Արհեստական բանականությունն արագացնում է այս գործընթացը։

Ինքս անցա Iris training. համակարգը գուշակում էր, թե որ նկարներն ինձ ավելի շատ դուր կգան ու ես որոշեցի ստուգել ճշգրտությունը։ Հրավիրեցի գործընկերոջս ու խնդրեցի անցնել այդ թրեյնինգը, որից հետո նա ընտրեց 10 լուսանկար, որոնք իրեն շատ են դուր գալիս եւ 10-ը՝ որոնք դուր չեն գալիս։

Iris-ը ճիշտ գուշակեց բոլոր լուսանկարները, որոնք իրեն դուր էին եկել, իսկ չհավանած 10-ից 9-ը ճիշտ գուշակեց։ Այդ պահին մտածեցի, որ երեւի ինչ-որ բան այնպես չի աշխատում, սակայն հետո ընկերս խոստովանեց, որ դիտավորյալ է այդ նկարը մտցրել դուր չեկած 10-ի մեջ, որպեսզի համակարգին խաբի, բայց, փաստորեն, չստացվեց։

Պատմության մեջ առաջին անգամ Արհեստական բանականությունը հասկանում է գրավչությունը։ Բոլոր ընկերներիս ցույց եմ տվել ու հավատում եմ, որ աշխարհը կարող ենք փոխել այս տեխնոլոգիայով։

Գործառույթները

Մենք օգտատիրոջը ցույց ենք տալիս լուսանկարների շարք, իսկ նա գրանցվելիս ընտրում է՝ որն է հավանում, որը՝ ոչ։ Դա տեւում է 5-10 վայրկյան ու դրանից հետո Արհեստական բանականությունն սովորում է ու սկսում է առաջարկել նոր նկարներ, որոնք արդեն դուր կգան տվյալ օգտատիրոջը։

Այս կերպով մարդն անցնում է այսպես կոչված Iris training ու մեզ մոտ ստեղծվում է տվյալ օգտատիրոջ թվային կլոնը։ Եթե ես ցույց տամ 10 լուսանկար ձեզ եւ ձեր թվային կլոնին, ձեր պատասխանները կհամընկնեն 99 տոկոսով։

Հավելվածում կա երկու feed, մեկը՝ գրավչության սկզբունքով ընտրված նկարներով, մյուսը՝ հեռավորության եւ որոշ տոկոսով գրավչության համադրության սկզբունքով։



Սահմանել ենք նաեւ վարկանիշներ. եթե օգտատերերն իրենց լավ չեն դրսեւորում, նրանց ռեյտինգն ընկնում է եւ հակառակը։ Բարձր վարկանիշով օգտատերերը ստանում են վստահության բեյջ։ Կարող ես ֆիլտրել ու ընտրել, որ տեսանելի լինեն միայն բարձր վարկանիշ ունեցողները։
 
Ունենք օրինակ, որ մի տղամարդ մեր թիմին գրել էր, որ ատում է մեզ, քանի որ գտել էր իր երազանքների կնոջը, որը, սակայն, աշխարհագրորեն շատ հեռու էր իրենից։ Դրանից հետո որոշեցինք, որ եթե արհեստական բանականությունը ցույց է տալիս, որ երկու օգտատեր իրար շատ են համապատասխանում ու դուր են գալիս միմյանց, բայց հեռու են իրարից, մենք նվիրում ենք ինքնաթիռի տոմսեր, որպեսզի նրանք հանդիպեն իրական կյանքում:

Թիրախային շուկան ու օգտատերերի արձագանքները

Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքներից ենք սկսել՝ Նյու Յորք, Չիկագո, Դալլաս, Մայամի եւ այլն։ Դա մեր հիմնական շուկան է։ Վերջերս մուտք են գործել նաեւ Արգենտինա, Մեքսիկա, Բրազիլիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ։ Հայաստանում նույնպես սկսում ենք տարածվել։

Օգտատերերի ընդհանուր թիվը 1,7 միլիոն է։ Հավելվածի վարկանիշն աշխարհում 4,5 է, որը ժամադրության հավելվածների համար բավականին բարձր է։

Մրցակիցներն ու առավելությունները

Ամենահայտնին Tinder-ն է։ Մեր առավելություններից առաջինն այն է, որ մեր օգտատերերը սելֆիով նույնականացվում են գրանցվելիս ու կեղծ էջ բացել հնարավոր չէ։

photo © Iris


Օրինակ՝ Tinder-ում շատ են ֆեյքերը։ Բացի այդ, այնտեղ պետք է մարդկանց ընտրություն կատարես ու թվերը շատ են, շատ դժվար է գտնել համապատասխան մեկին, պետք է շատ թերթել։ Իսկ մեզ մոտ արհեստական բանականությունն օգնում է գտնել լավագույն փոխադարձ հավանելու տարբերակը եւ արագացնում է այդ գործընթացը 40-50 անգամ՝ Tinder-ի հետ համեմատ։

Վտանգներ, որոնց հանդիպում են օգտատերերը

Ես չեմ կարող բոլոր գաղտնիքները բացել, բայց մենք բացի catfish-երից, թե ձեռքով, թե ալգորիթմներով ահագին չափանիշներ ենք ստուգում։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն այդ պահին ժամադրում է Լոնդոնում, բայց մենք տեսնում ենք, որ տվյալ անձը Նիգերիայում կամ այլ վայրում է գտնվում, ավտոմատ արգելափակում ենք։

photo © Մեդիամաքս


Մենք ունենք pattern-ներ, որոնց միջոցով բացահայտվում են խաբեությունները ու ավտոմատ արգելափակում օգտատերերին գումար կորզելու վտանգ հայտնաբերելու դեպքում։

Ունենալով 1,7 մլն օգտատեր, դեռեւս չենք ունեցել լուրջ խաբեության դեպքեր, որովհետեւ անվտանգությունը շատ ենք կարեւորում ու աշխատում ենք դրա վրա։

Հայկական շուկա մտնելու մարտահրավերները

Հայկական շուկա մտնելու մարտահրավերներից մեկը կարծրատիպային մտածողությունն է։ Ցավոք, Tinder-ն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ ժամադրությունների հավելվածներից օգտվելն ամոթ է համարվում։

Մենք ուզում ենք կոտրել այդ կարծրատիպերն ու ապացուցել, որ փորձառությունը կարող է տարբեր լինել՝ կախված է մարդու ցանկությունից։ Օրինակ՝ ուզում ես մեկօրյա կիրք, ամուսնություն կամ երկարաժամկետ հարաբերություններ։

photo © Մեդիամաքս


Հաճախ մտածում են, որ եթե աղջիկը գրանցվել է ժամադրության հավելվածում, ուրեմն բաց է սեքսի համար ու կարծրատիպային վերաբերմունք է ձեւավորվում։ Սակայն աշխարհում հավելվածով ժամադրվելը մեյնսթրիմ է դառնում ու շատ մարդիկ ծանոթացել ու նաեւ ամուսնացել են հենց հավելվածների շնորհիվ։  

Թիմը

Հայաստանյան թիմում 54 հոգի ունենք։ Հիմական կորիզի հետ ես աշխատել եմ գրեթե 10 տարի։ Իմ նախորդ ստարտափի՝ Oracle-ի կողմից ձեռք բերված Livelook-ի թիմը հիմա այս ստարտափում ինձ հետ է ու այս գործի վրա ենք կենտրոնացել։  

photo © Մեդիամաքս


Նրանք անհավանական տաղանդավոր մարդիկ են ու մասնագետներ։ Մենք սիրում ենք միասին ժամանակ անցկացնել: Իրենց երբեմն ստիպում եմ ինձ հետ լեռներ բարձրանալ, գանգատվում են, բայց հետո շնորհակալություն են ասում, որովհետեւ լավ էներգիա են ստանում։

Ներդրումներն, առաջիկա ծրագրերն ու Iris-ի տեխնոլոգիայի այլ կիրառություններ

Առաջին փուլում իմ ու ընկերներիս միջոցներով ենք սկսել՝ մոտ 10 մլն դոլար ենք տրամադրել նախագծին։ Հիմա գնում ենք դեպի Series B ներդրումային փուլ եւ մոտ 20 մլն դոլար ենք փնտրում, որ հաջորդ փուլում արագացնենք մեր աճն աշխարհում։

Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտ 2,5 անգամ արագ ենք աճում, քան մեր մրցակից հավելվածները, օրինակ՝ Hinge ընկերությունը, որի արժեքը հիմա 1,5 միլիարդ դոլար է գնահատվում։

1,7 միլիոն օգտատեր արդեն անցել է Iris training-ն ու մենք արդեն ունենք այդքան թվային կլոններ. սա մեզ թույլ է տալիս ոչ միայն ժամադրությունների հավելվածի համար մշակումներ անել, այլեւ այլ ոլորտներում կիրառել։

Իգոր Խալաթյանը Իգոր Խալաթյանը
photo © Մեդիամաքս


Հիմա փորձում ենք այդ տեխնոլոգիան կիրառել նաեւ մեր կողմից մշակված կոսմետիկ միջամտությունների համար նախատեսված ծրագրում, որը կոչվում է Best look։ Այն կօգնի հասկանալ, թե որ միջամտությունն ավելի լավ կհամապատասխանի այս կամ այն մարդուն, ինչպես նաեւ կարող է գուշակել դրանց լավագույն վարիացիաները։

Տեխնոլոգիան կարող է նաեւ գուշակել, թե որ թվային գովազդը կարող է ավելի արդյունավետ լինել: Օրինակ՝ կօգնի հոդվածի կամ օգտահաշվի համար ընտրել նկար, որն ավելի շատ քանակով մարդկանց ուշադրություն կգրավի։ Թվային կլոնների բազան շատ տարբեր ոլորտներում ու ուղղություններով կարելի է կիրառել։

Նունե Գրիգորյան