17:35 | 25.01.23 | Հոդվածներ | exclusive 3239

“No bullshit culture”. Scylla-ի նշանաբանն ու զարգացման մեծ ծրագրերը

Հայկական Scylla-ն մշակում է արհեստական բանականությամբ աշխատող իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումներ: Դրանք օգնում են ընդլայնել անվտանգության ենթակառուցվածքները, խնայել ծախսերը եւ մեծացնել իրավիճակի մասին իրազեկվածությունը:

Scylla-ի տեխնոլոգիան համաշխարհային շուկայի առաջատար լուծումներից է: Այն համագործակցում է Իլոն Մասկի The Boring Company-ի հետ, ինտեգրացիաներ ունի տեսախցիկ արտադրող ամենամեծ Hikvision ընկերության, Genetec-ի, Mobotix-ի եւ շատ այլ հայտնի ընկերությունների հետ։

iTel.am-ը Scylla-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանի հետ զրուցել է Develandoo-ից Scylla-ի անջատման, անցած ճանապարհի, ներդրումների ու ծրագրերի մասին։

Գաղափարն ու ստեղծումը

2014 թվականին ստեղծել ենք ծրագրավորման ծառայություններ առաջարկող Develandoo ընկերությունը, որի հիմնական շուկան Գերմանիան էր։ Այդ ժամանակ ապրում էինք այնտեղ, աշխատում գերմանական ընկերությունների հետ։ Ես «Ալիանս» ապահովագրական ընկերության տեխնիկական ղեկավարն էի, մեր համահիմնադիրներն ընկերությունում ինժեներներ էին։ Հետո որոշեցինք ամբողջությամբ զբաղվել Develandoo-ի զարգացմամբ ու թողեցինք հիմնական աշխատանքը։

Մեր հիմնական հաճախորդներն Ավստրիայից, Շվեյցարիայից ու Գերմանիայից էին։
2016 թվականին առաջին առաջարկը ստացանք՝ մատուցելու կիբերանվտանգության, խորհրդատվության ու ծրագրավորման ծառայություններ: Առաջարկ եղավ նաեւ 1,5 տարով տեղափոխվել Մեքսիկա, որտեղ տեղի ներդրողների հետ սկսեցինք պետական նախագծեր իրականացնել։

Այդ ժամանակ սկսեցինք համագործակցել իրենց մոնիտորինգ իրականացնող կենտրոնական մարմնի հետ, որտեղ կարելի էր հետեւել Մեքսիկո քաղաքի բոլոր տեսախցիկներին։ Այն կոչվում էր C5 ու մենք իրենց հետ պետք է ինտեգրացիա անեինք։ Ահռելի մեծ կենտրոն էր. հետեւում են 250 հազարից ավելի տեսախցիկի 30 միլիոն բնակչության համար։

Գաղափարը մեզ դուր եկավ: Այդ նախագիծը 2017 թվականին ավարտելուց հետո շատ գումար էինք աշխատել, որոշեցինք նույն գաղափարը ստարտափ դարձնել ու առանձին պրոդուկտ ստեղծել։ Հետագայում ներդրումներ ստանալու նպատակով Scylla-ն գրանցեցինք Միացյալ Նահանգներում ու տեղափոխվեցինք Լոս Անջելես։
2018-ից մինչեւ 2020-ի սկիզբ բնակվում ու աշխատում էինք ԱՄՆ-ում, որտեղ էլ հավաքեցինք թիմը:  

Առաջին նախագիծը գործարկել ենք 2019-ի վերջին։ 2020-ին Glendale Tech Week-ում հաղթեցինք, պրոդուկտի դեմոյից հետո առաջին փոքր ներդրումը ստանալով,  սկսեցինք մոտենալ ներդրողներին։

Ծառայությունների ուղղություններն ու լուծումը

Մենք տրամադրում ենք end-to-end պաշտպանական հարթակ: Աշխարհի գրեթե բոլոր տեսախցիկ արտադրողների հետ ինտեգրացիա ունենք: Օրինակ, երբ նոր մարզական ստադիոն է կառուցվում կամ վերանորոգվում, իրենց հարկավոր է լինում նոր պաշտպանական համակարգ ներդնել։ Իրենց տեսախցիկները կարող են կցել մեր software հարթակին։

photo © Մեդիամաքս


Բացի այդ, դեմքի նույնականացմամբ կարող ենք պարզել՝ արդյո՞ք տվյալ անձն ունի մուտքի թույլտվություն։

Կարողանում ենք նաեւ ավտոմեքենայի համարանիշները «կարդալ»։ Համակարգը կարելի է կիրառել նաեւ մաքսակետերում, մեքենաների ելումուտը տեսնել, քանակը հաշվել, հասկանալ`ում է պատկանում մեքենան, կարդալ կոնտեյների կոդը, հասկանալ, թե որ լոգիստիկ ընկերության մեքենան է եւ այլն։

photo © Մեդիամաքս


Լուծումը վաճառում ենք ըստ ոլորտների պահանջի՝ առողջապահություն, պետական սեկտոր/ կառավարություն, սպորտ եւ այլն։ Կիրառման ճյուղերը 20-ից ավելի են։

Առաջին հաճախորդն ու ներդրումները

Առաջին հաճախորդը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հոսպիտալների ցանցն էր։ Տեղադրեցինք տեսախցիկները ու 2020-ին սկսվեց կորոնավիրուսի համավարակը: Շուկա հանեցինք պրոդուկտ, որը միանգամից հասկանում էր մարդկանց ջերմությունը, արդյո՞ք մարդիկ դիմակ կրում են, թե ոչ, ինչպես նաեւ կարողանում էր չափել սոցիալական հեռավորությունը մարդկանց միջեւ։ Պրոդուկտը մեծ պահանջարկ ունեցավ: Այդպես ստարտափը սկսեց շատ արագ զարգանալ։

Առաջին տարվա ընթացքում մոտ 800 հազար դոլարի եկամուտ էինք ստացել ու մեզ նկատեցին Mucker Capital-ից SeviceTitan-ի ներդրողները՝ առաջարկելով բանակցել ներդրումային պայմանների շուրջ։ Այնուհետեւ BAJ Accelerator-ից առաջարկեցին ներդրում կատարել Scylla-ում՝ մոտ 1,2 միլիոն դոլարի չափով։  

photo © Մեդիամաքս


Այդ ժամանակ Scylla-ի ինժեներական թիմն առանձնացրեցինք Develandoo-ից։ Մինչ այդ ծախսում էինք սեփական միջոցները եւ նախագծի հիմնական թիմը Develandoo-ից էր։ Այսպիսով՝ ստեղծվեց երկու առանձին թիմ ու Scylla-ն ամբողջապես անջատվեց Develandoo-ից։ Հայաստանի ընկերությունը դարձավ ամերիկյանի դուստր ընկերություն ու թիմն ընդլայնվեց։

2021-ին եռակի աճ գրանցեցինք, կրկին Mucker Capital-ից ներգրավեցինք 3,7 միլիոն դոլար։ Scylla-ի համար, ընդհանուր առմամբ, ներգրավել ենք մոտ 5 միլիոն դոլար։ Մեր ընկերությունը 2021-ի վերջում գնահատվում էր 200 միլիոն դոլարից ավելի։

2022-ին ցանկանում էինք մոտ 50 միլիոն դոլարի չափով մեծ ներդրում ներգրավել, սակայն շուկաներում տնտեսական անկում եղավ: Այս տարի մի քանի ուղղությամբ ենք դիտարկում ներդրում ստանալը․ մեկը՝ ամերիկյան մեծ վենչուրներից, ինչն այս շրջանում այնքան էլ հեշտ չէ։ Մտադիր ենք նաեւ ներդրում ստանալ մեր գործընկեր մեծ ընկերություններից, որոնք մեզ դիտարկում են որպես ռազմավարական գործընկեր։ Օրինակ՝ մենք Konica Japan-ի հիմնական AI մատակարարն ենք ու իրենց բոլոր նախագծերում մեր լուծումն է օգտագործվում։ Տարբերակներից են նաեւ Սաուդյան Արաբիայում կամ Օմանում գործող ֆոնդերը։

Շուկան ու հաճախորդները

Մեր շուկաներն են ԱՄՆ-ն, Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ, Կիպրոսը, Սաուդյան Արաբիան, Օմանը։ Փորձում ենք զարգանալ նաեւ Աֆրիկայում, արդեն հաճախորդներն ունենք այնտեղ։

photo © Մեդիամաքս


Հայաստանում նույնպես շուկան սկսել է լավ զարգանալ. բանկերի, կոմերցիոն կազմակերպությունների հետ ունենք համագործակցություններ:

Մեր հաճախորդներից է Իլոն Մասկի the Boring Company-ին, որը ստորգետնյա ենթակառուցվածքներ ու թունելներ է կառուցում: Համագործակցում ենք նաեւ բեյսբոլի մեծ ստադիոնների, առեւտրի կենտրոնների, օդանավակայանների հետ։

Աշխատում ենք տեսախցիկ արտադրող աշխարհի գրեթե բոլոր ամենախոշոր ընկերությունների հետ, այդ թվում՝ 2019-ից Չինաստանի ամենամեծ Hikvision ընկերության հետ: Genetec-ի, Mobotix-ի եւ այլ շատ հայտնի ընկերությունների հետ ունենք ինտեգրացիաներ։

Այդ ընկերություններին օգնում ենք նաեւ cloud friendly դառնալ։

Մրցակիցներն ու առավելությունը

Մեր հիմնական մրցակիցը Motorola ընկերությունն է։ Մրցակիցների նկատմամբ մեր առավելությունն արհեստական բանականության կիրառումն է, օրինակ՝ VMS հարթակ կարող են մշակել շատերը, բայց մենք առաջարկում ենք ոչ միայն տեսախցիկների կառավարում, այլեւ նույնականացնել դեմքեր, գտնել կոնկրետ խնդիրներ, նվազեցնել ծախսերը։ Սա արդեն ոչ միայն հարթակ է, այլեւ՝ լուծում։ Դրանով մենք տարբերվում ենք ու մեկ քայլ առաջ ենք։

Թիմը

Սկզբում երեք համահիմնադիրներ էինք. ես, Աշոտը, ով տեխնիկական գծով տնօրենն է, ու Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Արա Ղազարյանը։ Հիմա 8 համահիմնադիր ունենք:

photo © Մեդիամաքս


Մոտ 80 թիմակից ունենք աշխարհի տարբեր երկրներում. Տեխասում մեր գլխավոր գրասենյակն է, աշխատակիցներ ունենք Լոս Անջելեսում, Այովայում: Վարշավայի գրասենյակում 25 աշխատակից ունենք: Հայաստանում 40 հոգանոց թիմ է աշխատում։

Վերջերս գրասենյակներ ենք բացել Օմանում եւ Սաուդյան Արաբիայում, որոնք մեզ համար ստրատեգիական նշանակության շուկաներ են:

photo © Մեդիամաքս


Մշակույթի առումով ունենք “No bullshit culture” նշանաբան։ Մեզ հարկավոր են մարդիկ, որոնք հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու անվտանգության աշխարհով: Մեզ հետաքրքիր են այն մարդիկ, որոնք, իսկապես, ուզում են այդ աշխարհի մասը կազմել ու իրական ազդեցություն ունենալ։

Առաջիկա ծրագրերն ու նոր ներդրումային ուղղությունները

Պայմանագրեր ենք կնքել տեսախցիկ արտադրող ընկերությունների հետ, իրենց տեսախցիկները կրելու են Scylla բրենդն ու վաճառվելու են որպես բաժանորդագրություն։

photo © Մեդիամաքս


Օրինակ՝ երբ ստանդարտ տեսախցիկ վաճառող ընկերություններից գնում ենք տեսախցիկ, այն դառնում է սեփականություն։ Մենք առաջարկում ենք բաժանորդագրություն. գնել տեսախցիկ, որում ներառված է արհեստական բանականությամբ օժտված մեր հարթակը ու վճարել ամսական կտրվածքով՝ օգտվելով մեր լուծման բոլոր հնարավորություններից։ Սա մեզ կտա ավելի ընդլայնվելու ու մեծաքանակ վաճառքներ իրականացնելու հնարավորություն:

Նունե Գրիգորյան