15:23 | 19.01.23 | Նորություններ | 1660

Վիքիպեդիան 10 տարվա մեջ առաջին անգամ ռեդիզայնի է ենթարկվել

Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպությունը հայտարարել է Վիքիպեդիայի ինտերֆեյսի հիմնական թարմացման մասին:

Ինտերֆեյսի թարմացումը, որը համընկնում է կայքի անգլերեն տարբերակի 22-ամյակի հետ, նպատակ ունի հեշտացնել օգտագործելիությունը եւ տեղեկատվություն ստանալն ավելի մատչելի դարձնել։

Ըստ մշակողների՝ թարմացումը հասանելի է Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում եւ կայքի 318 այլ լեզվով տարբերակներում։

Ինչն է փոխվել՝

•    Բարելավված որոնում, որն այժմ օգտագործում է պատկերներ եւ նկարագրություններ՝ հոդվածներն ավելի հեշտ գտնելու համար: Սա հանգեցրել է օգտվողների որոնումների 30% աճի։
•    Լեզվի փոխարկման ավելի տեսանելի գործիքներ, որոնք թույլ են տալիս ընթերցողներին եւ խմբագիրներին արագ գտնել իրենց նախընտրած լեզուն եւ փոխարկել:
•    Վերանախագծված բովանդակության աղյուսակը՝ այն բաժինների հղումներով, որոնք ընդգծված են նյութում:
•    Մուտք գործած (գրանցված) օգտվողների համար մշտապես ցուցադրվող վերնագիր: Դրանում տեսանելի են ամենահայտնի ֆունկցիաները։

Վիքիմեդիա հիմնադրամը նշել է, որ Վիքիպեդիայի նորացված ինտերֆեյսը չի հեռացնում նախկինում հասանելի գործառույթները։ Փոխարենը, այն տրամադրում է նոր աշխատանքային գործիքներ, որոնք ավելացվել են բազմաթիվ պորտալի խմբագիրների հետ խորհրդակցելուց եւ օգտվողների փորձարկումից հետո: