09:09 | 10.01.23 | Նորություններ | 10503

FAST-ն այս տարի 4 դրամահավաք կկազմակերպի

FAST հիմնադրամն այս տարի 4 դրամահավաք կկազմակերպի արտերկրում:

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը The Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում ասել է, որ առաջինը կկայանա մարտին Բոստոնում, երկրորդը՝ ապրիլին կամ մայիսին տեղի կունենա Լոս Անջելեսում: Տարվա ընթացքում դրամահավաքներ կլինեն նաեւ Նյու Յորքում եւ Լոնդոնում:

FAST-ի առաջին դրամահավաքը կայացել էր 2022 թվականի մարտին Լոս Անջելեսում:

Նպատակը միջոցների հավաքագրումն էր հիմնադրամի Advance STEM Research գրանտային ծրագրի համար: FAST-ի նպատակն էր 10 հետազոտական թիմերից յուրաքանչյուրի համար ապահովել 125 000 դոլարի դրամաշնորհ: Արմեն Օրուջյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ 7 գրանտային ծրագիր արդեն հաստատված էր, եւս 3-ը պատրաստ կլինեն մոտ ապագայում:

«Առաջիկա 4-5 տարիների ընթացքում ցանկանում ենք հարյուրավոր դրամաշնորհներ հատկացնել: Դա տարեկան կպահանջի 10-12 միլիոն դոլար եւ հնարավորություն կտա ներգրավվել STEM ոլորտի գիտնականների մոտ 50 տոկոսին: Մենք կարծում ենք, որ դա կարող է շրջադարձային լինել», - ասել է FAST-ի հիմնադիր տնօրենը:

Արմեն Օրուջյանը պատմել է նաեւ 2023 թվականին մեկնարկող Generation AI (ԱԲ սերունդ) ծրագրի մասին, որում նախնական փուլում ներգրավված կլինեն 200 աշակերտներ Տավուշի մարզի եւ Երեւանի 10 դպրոցներից: Նրա խոսքով, կատարյալ արդյունք կլինի այն, եթե առաջիկա 3-4 տարվա ընթացքում ծրագրում ներգրավվեն 1 500-ից 2 000 դպրոցներ: