15:21 | 05.01.23 | Նորություններ | 2236

Microsoft-ը մտադիր է ChatGPT AI բոտը ներդնել Bing որոնողական համակարգում

Microsoft-ը ցանկանում է ներդնել ChatGPT-ն Bing որոնողական համակարգում՝ օգտատերերի հարցումներին պատասխանելու համար։

Այսպիսով, ընկերությունը հույս ունի ավելի լուրջ մրցակցություն ցույց տալ Google-ին: OpenAI-ի ChatGPT ծրագրավորողները պատրաստ են ընդլայնել իրենց համագործակցությունը կորպորացիայի հետ, գրում է The Information-ը։

Տեսականորեն արհեստական ինտելեկտի օգտագործմամբ չաթ-բոտը կկարողանա որոնման հարցման համատեքստին ավելի համապատասխան պատասխաններ տալ։ Սրանք կարող են լինել ոչ միայն համապատասխան տեղեկատվության հղումներ, այլ՝ ձեւակերպված արտահայտություններ, որոնք նման են մարդու արձագանքին:

Եթե Microsoft-ը ներդնի այս տեխնոլոգիան Bing-ում, ապա այն պետք է օգնի որոնողական համակարգին մրցակցել Google-ի եւ նրա Knowledge Graph վահանակների հետ, որոնք հայտնվում են որոշ հարցումների աջ կողմում:


Դեռեւս հստակ հայտնի չէ, թե ինչպես է Microsoft-ը մտադիր իր որոնումներում կիրառել ChatGPT-ը։ Հավանաբար, սկզբում որոնման արդյունքների նման տարբերակները կփորձարկվեն օգտատերերի փոքր խմբերի վրա՝ իրենց իսկ ցանկությամբ։

Չնայած Google-ը մշտապես բարելավում է որոնման համակարգը սեփական ալգորիթմներով՝ ընկերությունը դեռ մտադիր չէ գործարկել ChatGPT-ի իր անալոգը։ Ավելի վաղ նրա ներկայացուցիչները հայտնել էին, որ չաթ-բոտերի օգտագործումը սպառնում է հեղինակության կորստի՝ տեխնոլոգիայի անկատարության պատճառով։

OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը նույնպես հայտարարել է, որ սխալ կլինի մոտ ապագայում լրջորեն ապավինել ChatGPT-ին ցանկացած կարեւոր բնագավառում։



«ChatGPT-ն աներեւակայելի սահմանափակ տեխնոլոգիա է, նույնիսկ եթե այն արդեն բավական լավն է ինչ-որ առումներով, եւ այն աստիճանի, որ կարող է խաբուսիկ տպավորություն թողնել: Այս պահին որեւէ կարեւոր բնագավառում դրա վրա հույս դնելը սխալ է: Սա ընդամենը իրական առաջընթացի նախնական տարբերակն է։ Մենք պետք է քրտնաջան աշխատենք պատասխանների հավաստիության եւ ճշմարտացիության վրա», - գրել է Սեմ Ալթմանը: