15:38 | 23.12.22 | Նորություններ | 3374

Երեւանում տեղի կունենա բժշկական տեխնոլոգիաների կոնֆերանս

Երեւանում տեղի կունենա Armenian Tomorrow's Technology («Հայկական վաղվա տեխնոլոգիան») խորագիրը կրող առողջապահական տեխնոլոգիաների կոնֆերանս:  

Միջոցառման կազմակերպիչը «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերությունն է, որի ներկայացուցիչները կամփոփեն «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության մեկ տարվա գործունեությունը, կներկայացվի ընկերության տեսլականը՝ տեխնոլոգիաների զարգացման եւ նորարարության կիրառելիության ու միտումների վերաբերյալ։

«Ուսումնասիրելով առողջապահության ոլորտը երկրում տիրող պատերազմական դրության ժամանակ` հասկացանք, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ կիրառման անհրաժեշտություն կա: Օգտագործելով թվային տեխնոլոգիաների կիրառման մեր 29-ից ավելի տարվա փորձը՝ հիմնադրեցինք մասնագիտացված լաբորատորիա, որն այսուհետ կներկայանա «Հայբրիդ Թեքնոլոջիզ» բրենդի ներքո», - նշել է ընկերության հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանը:

Լաբորատորիան, օգտագործելով լազերային աճեցման նորագույն SLM տեխնոլոգիան, արտադրում է անհատական օրթոպեդիկ պրոթեզ իմպլանտատներ ամբողջ մարմնի համար: Ավելի քան 54 զինվորի անվճար տրամադրվել են անհատական տիտանե իմպլանտատներ, բարեհաջող կատարվել են բոլոր վիրահատությունները:

Կոնֆերանս տեղի կունենա դեկտեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: