14:34 | 16.12.22 | Նորություններ | 2051

10 միլիոնից ավելի միավոր՝ «Քան» ակադեմիայի աշակերտական մրցույթում

«Քան» ակադեմիայի անվճար հայալեզու հարթակի հարուստ կրթական շտեմարանն այժմ կարող են կիրառել Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի 52 դպրոց, 90 ուսուցիչ եւ 313 աշակերտ։

Մասնակցելով «Քան» ակադեմիայի անվճար աշխատարանների շարքին՝ երկու մարզի ուսուցիչներն ու դպրոցականները սովորել են արդյունավետ օգտվել համաշխարհային կարգի որակյալ ռեսուրսներով հագեցած, աշխարհում խոշորագույն առցանց կրթական հարթակից։

Աշխատարանները կազմակերպվել էին NEF-ի (Near East Foundation) կողմից իրականացվող «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում՝ որպես «Քան» ակադեմիայի նախաձեռնության մաս։ Դրանք նպատակ ունեին ինքնակրթության եւ հիբրիդային կրթության ժամանակակից միջոցներով զինելու մարզերի ուսուցիչներին եւ աշակերտներին։

Այս նախաձեռնության նպատակներից է մինչեւ ուսումնական տարվա ավարտ հարստացնել «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակը բնագիտամաթեմատիկական նոր նյութերով եւ տեսադասերով՝ հասանելի դարձնելով դրանք ողջ հանրությանը։

«Այբ» կրթական հիմնադրամը կրթության հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով 2017-ից հայերենով տեղայնացնում է աշխարհի ամենամեծ առցանց կրթական հարթակի՝ «Քան» ակադեմիայի շտեմարանը, որը հասանելի է աշխարհի 190 երկրում, 50 լեզվով եւ 135 մլն օգտատիրոջ։