17:04 | 04.11.22 | Նորություններ | 11730

Վիվա-ՄՏՍ-ն անտառապատման թիրախավորված ծրագիր է իրականացնում

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն անտառապատման թիրախավորված ծրագիր են իրականացնում:

Աշնանային անտառտնկման աշխատանքների ընթացքում 20 000 ծառ կտնկվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձր լեռնային հատվածում։ Վիվա-ՄՏՍ-ը կամավորական խումբ է ձեւավորել 6 հա տարածքում անտառտնկման աշխատանքների նպատակով:

«Առաջին ծառը տնկել եմ որդուս ծննդյան օրը՝ 22 տարի առաջ: Խորհրդանշական այդ օրը կարեւոր է եղել ինձ համար նաեւ հետագայում՝ այլ ծառատունկերի մասնակցելու ժամանակ: Առողջ, մաքուր եւ անվտանգ միջավայրում ապրելու համար պետք է լինենք ոչ միայն սպառող, այլեւ անձնական ներդրում ունենանք: Դա կարող է արտահայտվել հոգատարությամբ, աշխատասիրությամբ, հետեւողական եւ նվիրված աշխատանքով: Այն, ինչ արվում է այսօր, երկարաժամկետ ազդեցություն է ունենալու: Ուրախ եմ, որ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում կա այդ գիտակցությունն ու նվիրումը: Չեմ ուզում առանձնացնել նաեւ մեր բաժանորդներին, որոնք գնահատում են մեր ընկերության արժեհամակարգը եւ իրենց անուղղակի ներդրումն ունեն նման ծրագրերում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը բարձր է գնահատում «կանաչ մտածողության» շուրջ համախմբումն ու Վիվա-ՄՏՍ-ի հետ ձեւավորված նոր գործընկերությունը:

«Ուրախ եմ Վիվա-ՄՏՍ-ի հետ նոր մեկնարկած գործընկերության համար: Անտառ ստեղծելու կարեւորությունը գիտակցելն ու կոնկրետ քայլեր ձեռնարկելը շատ կարեւոր են: Խոսքը ոչ միայն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, այլեւ ջրային ռեսուրսները պահպանելու մասին է: Մեր երկրի խմելու ջրի 80 %-ը գալիս է անտառից»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլեւ մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչ է: Այս աշնանային անտառտնկմանը նրանց է միացել ավելի քան 190 հոգի։

Նոր ստեղծված տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվելու է նաեւ ծառատունկից հետո՝ շուրջ 3 տարի:

2022 թվականի աշնանը 20 000 ծառ տնկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը, որն արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում, ներդրել է 12,6 միլիոն դրամ: