16:34 | 26.10.22 | Նորություններ | 2367

Հայտնի են «Ներուժ 3.0» ծրագրի հաղթողները

Դիլիջանում ամփոփվել է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Ժյուրիի գնահատման արդյունքում 1-ին տեղն է զբաղեցրել Biocentric թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ տեղը՝ Reactive Science թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ տեղում ATMT թիմն է՝ ստանալով 10 մլն դրամ:

Orion Worldwide Innovations-ի եւ BAJ Accelerator-ի կողմից հատուկ մրցանակի են արժանացել Interians, MMD, Low-Code Armenia եւ DrumStar թիմերը:

Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը բոլոր թիմերին կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն:

«Լիահույս ենք, որ մրցանակակիրների ստացած դրամաշնորհը, կարեւոր դեր կունենա նրանց հետագա գործունեությունում, նոր հնարավորություններ կընձեռի բիզնես նախաձեռնությունների ընդլայնման ճանապարհին։

Ծրագրի մյուս մասնակիցներին, որոնք այսօր մրցանակակիրների շարքում չեն, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են նորաստեղծ ընկերությունների զարգացմանը: Հորդորում եմ՝ դիմեն, մասնակցեն, հաղթեն, առաջ մղեն ու իրականություն դարձնեն իրենց գաղափարներն ու նախագծերը»,- նշել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։  

 «Ներուժ 3.0» ծրագրի գործընկերներն են ՀՀ կենտրոնական բանկը, «ԱԿԲԱ» բանկը, «TK & Partners» իրավաբանական ընկերությունը, Orion Worldwide Innovations-ը/ BAJ Accelerator-ը, Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը, «Red Marketing Space» մարքեթինգային ընկերությունը, «SIL Insurance» ընկերությունը:

«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։

Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել է 22 ստարտափ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։

Դրամաշնորհ ստանալու կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը եւ առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը: