12:41 | 21.10.22 | Նորություններ | 1956
Իլոն Մասկը նախատեսում է աշխատանքից հեռացնել սոցցանցի 7500 աշխատակցի 75%-ին, այսինքն՝ ավելի քան 5600 մարդու, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ծրագրերին եւ կորպորատիվ փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին։
Եթե նույնիսկ գործարքը ձախողվի, Twitter-ը միեւնույն է պլանավորում է աշխատողների կրճատում. Twitter-ի ղեկավարությունը ցանկանում էր մինչեւ 2023 թվականի վերջ կրճատել աշխատավարձերի բյուջեն մոտ 800 միլիոն դոլարով: Սա նշանակում է աշխատակիցների գրեթե մեկ քառորդի ազատում։
Ընկերությունը մտադիր է նաեւ «խիստ կրճատել» իր ենթակառուցվածքները, ներառյալ տվյալների կենտրոնները։ Twitter-ը հերքում է աշխատանքից ազատումների պլանները. գլխավոր իրավական խորհրդական Շոն Էդջեթն այս մասին աշխատակիցներին հայտնել է էլ․ փոստով: Առքուվաճառքի պայմանագրի կնքումից հետո «խնայողական պլանները» նույնպես կասեցված են։
Ապրիլին Twitter-ը հայտարարել էր, որ Մասկը կգնի ընկերությունը 44 միլիարդ դոլարով, սակայն հուլիսին նա հրաժարվել էր գնումից՝ պատճառաբանելով, թե «Twitter-ը չի պատասխանել սոցիալական ցանցում կեղծ էջերի հարցումներին»: Դրանից հետո ընկերությունը դատական հայց է ներկայացրել գործարքն ավարտին հասցնելու պահանջով, իսկ Մասկը՝ հակընդդեմ հայց:
Դատավարությունը պետք է սկսվեր հոկտեմբերի 17-ին եւ արագացված կարգով ավարտվեր հինգ օրից։ Օգոստոսին Մասկը վաճառել է Tesla-ի մոտ 7,9 միլիոն բաժնետոմս՝ 6,9 միլիարդ դոլար արժողությամբ՝ «սոցցանցի հարկադիր գնման» դեպքում բաժնետոմսերի շտապ վաճառքից խուսափելու համար։ Հոկտեմբերին նա առաջարկել է երկարաձգել գործարքը։ Դրանից հետո դատարանը հետաձգել է Twitter-ի եւ Իլոն Մասկի միջեւ դատավարությունը մինչեւ հոկտեմբերի 28-ը, մինչ այդ գնումը պետք է տեղի ունենա։