16:17 | 14.10.22 | Նորություններ | 2068
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) հայտարարություն է տարածել ՏՏ ոլորտի ընկերություններին հրատապ աջակցության անհրաժեշտության մասին։
«Սեպտեմբերի 12–ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետեւանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաեւ Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։
Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը` խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ եւ ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլեւ կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական եւ անվտանգային թիկունքի ապահովմանը։
Յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ արդեն իսկ հանգեցնում է անդառնալի հետեւանքների, ուստի կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջիկա նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը»,- նշված է հայտարարությունում։