16:09 | 07.10.22 | Հոդվածներ | exclusive 2196

Արմեն Օրուջյան. GIF-ի արդյունքներն ու նոր ծրագրերը

Հոկտեմբերի 5-ից 6-ը Երևանում անցկացվեց FAST հիմնադրամի չորրորդ Գլոբալ նորարարական ֆորումը (GIF22)՝ «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրով։

Ֆորումի առանցքում արհեստական բանականության կիրառություններն ու մարդկային գործունեության վրա դրա ունեցած ազդեցություններն էին։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը iTel.am-ի հետ զրույցում խոսել է GIF-ի մասին ու պատմել FAST-ի նոր նախագծերի մասին։

Այս տարի GIF-ի նպատակը ներկայացնելն էր, թե ինչպես է արհեստական բանականությունը ազդում մեր կյանքի ամենատարբեր ոլորտների վրա՝ բժշկություն, կրթություն, ֆինանսներ, ինչպես է անդրադառնում սննդի, ապրելակերպի վրա։

Մարդիկ հաճախ մտածում են, որ արհեստական բանականությունը վտանգավոր ու վախեցնող է։ Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ արհեստական բանականությունն արդեն կիրառվում է ամենատարբեր ասպարեզներում՝ անգամ եթե մենք դա չենք նկատում:

Հայաստանը կամաց-կամաց «խաղի մեջ է մտնում»

Այս տարի GIF-ին մասնակցել է 1250-ից ավելի մարդ եւ դա խոսուն ցուցանիշ է։ 2017 թվականի մեր առաջին ֆորումի մասնակիցների թիվն ընդամենը 200 էր։ Հայաստանը կամաց-կամաց «խաղի մեջ է մտնում»։

Բավականին աշխատանք կա անելու, չեմ կարող ասել, որ ամեն ինչ լավ է ու խնդիրներ չունենք։ Ավելի շատ ներդրումներ են պետք տաղանդներ պատրաստելու, գիտահետազոտական մշակումների ուղղությամբ, որպեսզի կարողանանք մրցունակ լինել։ Պետք է հստակ սահմանենք ներդրումների ուղղությունները, որպեսզի 20 տարի անց չզղջանք, որ մեր սահմանափակ ռեսուրսներն անարդյունավետ ներդրեցինք:

Նոր ծրագրերը

FAST-ը մեկնարկել է Generation AI նախագիծը՝ ուղղված ավագ դպրոցի երեխաներին։ Շատ երիտասարդներ կան, ովքեր աշխարհահռչակ գիտնական դառնալու ներուժ ունեն, սակայն այդպիսիք չեն դառնում այն պատճառով, որ ստիպված աշխատանքի են անցնում մասնավոր հատվածում, որն ի վերջո կլանում է նրանց։ Մեր նպատակն է այդ երիտասարդներին հնարավորություն տալ նվիրվել գիտությանը, ավելի խորը հետազոտություններ իրականացնել եւ իրական արժեք ստեղծել։

2023 թվականին Հայաստանի 10 դպրոցներում կգործարկենք ամերիկյան քոլեջների նախատիպի հիման վրա AP (advanced placement) կուրսերը։ Հինգը՝ Երևանում, հինգն էլ՝ մարզերում։  

Ծրագիրը կենտրոնացած կլինի Արհեստական բանականության վրա, այն կտրամադրի ծրագրավորման, մաթեմատիկայի, NLP-ի, մեքենայական ուսուցման եւ հարակից ոլորտների առաջադեմ մակարդակ։  

Աշխատում ենք մեկ այլ նոր նախագծի վրա: Այն կոչվում է Women Innovators (WIN), որը հատուկ նախագծվում է Հայաստանի կանանց համար։ Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնենք այդ ծրագիրը:

Նունե Գրիգորյան