SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման թիմերի համար նախատեսված հարթակ է, որն օգնում է ստեղծել արհեստական բանականության նորարարական պրդուկտներ: Այս հարթակի շնորհիվ այդ թիմերն ու նրանց ընկերությունները մեծ ժամանակային, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են խնայում տվյալների անոտացիայի (եզրագծման) ու դրանց կառավարման գործընթացներն օպտիմալացնելով եւ ավտոմատացնելով: Հարթակն ունի նորարարական գործիքակազմ անոտացիաների որակի կառավարման, առանց կոդի նեյրոնային ցանցի (NoCode Neural Network) թրեյնինգի եւ ավտոմատացման, ինչպես նաեւ տվյալների բազաների վերանայման եւ համադրման համակարգով համալրված։
Ընկերությունը 2021թ. հուլիսին հայտնեց Series A ներդրումային փուլում 14.5 մլն դոլարի ներդրման մասին՝ Base10 Partners վենչուրային ֆոնդի գլխավորությամբ։ Ներդրման այս փուլին մասնակցել են նաեւ նախորդ ներդրողները՝ Point Nine Capital, Runa Capital եւ Fathom Capital վենչուրային ընկերությունները։
Ընկերության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը iTel.am-ին պատմել է ստացած ներդրումների, դրանց կառավարման, SkyDeck-ի փորձառության, Միացյալ Նահանգներում թիմի ընդլայնման եւ ընկերության առաջիկա ծրագրերի մասին։
SuperAnnotate-ի ստեղծումը
Ես ու եղբայրս Եվրոպայում ասպիրանտական, դոկտորական հետազոտություններով էինք զբաղված, եղբայրս՝ Շվեյցարիայում մեքենայական ուսուցման, ես՝ Շվեդիայում կենսաբժշկության ուղղությամբ։ Եղբայրս նկարները սեգմենտացիա անող ալգորիթմների վրա էր աշխատում եւ իր արդյունքները ճշգրտությամբ ու արագությամբ աշխարհում լավագույնն էին։
photo © SuperAnnotate AI
Հասկացանք, որ դա հսկայական բիզնես կարող է լինել ու շատ ընկերություններ ցանկանում են գնել այդ տեխնոլոգիան։ Գաղափարը համընկավ Սեւան Ստարտափ Սամիթի հետ։ Հետազոտությունների արդյունքում արդեն ունեինք նախատիպ, որոշեցինք որպես ընկերություն ներկայանալ սամիթին, որտեղ գրավեցինք առաջին տեղը։ Այդ շրջանում ներդրումների հնարավորություններ առաջացան, որոշեցինք թողնել մեր զբաղվածությունը Եվրոպայում ու վերադառնալ Հայաստան։
Առաջին ներդրումը Առաջին ներդրումը ստացել ենք 2018 թվականին SmartGateVC-ից: Ներդրումը եկավ հենց Սեւան Ստարտափ Սամիթի ընթացքում։
Տիգրան Պետրոսյանը
photo © SuperAnnotate AI
Hero House-ի աքսելերացիոն ծրագրին ուղիղ մասնակցություն չունեցանք, բայց մեր առաջին գրասենյակը հենց Hero House-ում էր։ Նրանք իրավական, բիզնես գործընթացներում մեզ շատ էին օգնում, նախնական թիմի առաջին անդամներին ներգրավելու առումով՝ նույնպես։ Այդ պահին մենք գիտական մտածելակերպով մարդիկ էինք, մեզ համար դա ճանապարհի շատ ուժեղ սկիզբ էր։
SkyDeck-ի փորձառությունըԵրեք տարի առաջ մասնակցեցինք ու դա մեզ շատ օգնեց Միացյալ Նահանգների շուկան հասկանալու հարցում։ Այդ 6 ամսվա ընթացքում մեզ համար շատ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան։ Առաջինը՝ հանդիպեցինք ոլորտում շատ կարեւոր, հայտնի դեմքերի, մասնագետների ու պրոֆեսորների, որոնք մեր խորհրդատուները դարձան։ Երկրորդն այն կապերն էին, որոնց շնորհիվ ծանոթացանք մեր առաջին վճարովի հաճախորդների հետ։ Երրորդը՝ փորձառությունը. մենք հասկացանք՝ ինչ բաղադրիչներ կան ստարտափում եւ ինչպես են դրանք աշխատում արագ աճի փուլում։
$3 մլն ներդրումն ու ԱՄՆ թիմի ստեղծումը 2020-ի հունիսին սաղմնային փուլում 3 մլն դոլարի ֆինանսավորում ենք ստացել Point Nine Capital-ի, Runa Capital-ի եւ Fathom Capital-ի կողմից։ Այդ փուլում մեզ համար ամենակարեւորն աճելն էր, նոր հաճախորդներ ձեռք բերելը եւ նրանց արձագանքների հիման վրա պրոդուկտը կատարելագործելը, իհարկե, նաեւ նոր ինժեներական ռեսուրսները։
photo © SuperAnnotate AI
Ես տեղափոխվեցի ԱՄՆ ու սկսեցի կառուցել Միացյալ Նահանգների մեր թիմը, հիմնական նպատակը դա էր։ Պրոդուկտի զարգացման թիմի ստեղծումը եւ պրոդուկտի ուժեղ թիմ ունենալը նույնպես ստարտափի համար շատ կարեւոր է։ Մեզ դա հաջողվել է։
Ներկայում թիմում ավելի քան 130 հոգի ենք, 105-ը Հայաստանում է, մոտ 20 հոգանոց թիմ ունենք ԱՄՆ-ում, նաեւ Եվրոպայում, Բանգլադեշում։
Հաճախորդները200-ից ավելի բիզնեսի հետ ենք աշխատում՝ ստարտափներից մինչեւ արդեն կայացած Fortune 20-ի մեջ ընդգրկված ընկերություններ։ Կան այնպիսիք, որոնք մշակում են մեքենայական ուսուցման, համակարգչային տեսության կամ ավտոմատացման ու ռոբոտիկայի ոլորտներին ուղղված պրոդուկտներ։ Նշված եւ շատ ավելի լայն ոլորտներում օգնում ենք տվյալների անոտացիայի ենթակառուցվածքներ տրամադրել։
Ներդրումներ ներգրավելու կարեւոր բաղադրիչներըՆերդրում ստանալու գործում շատ կարեւոր է նախապատրաստական աշխատանքը։
Նախասաղմնային կամ սաղմնային փուլում գտնվող ստարտափի համար պետք է պատմությունը շատ լավը լինի։ Շաբաթներ շարունակ կառուցում էինք այդ պատմությունը, թե ինչն է ուժեղ, ինչը՝ թույլ։ Կարեւոր են մեսիջները, որ այն փոխանցում է:
Հիմնադիրները հստակ պետք է հասկանան՝ կոնկրետ ինչ խնդիր են լուծում, ում համար, ինչու է իրենց պրոդուկտը կամ ուղղությունն առանձնահատուկ ու որքան մեծ է շուկան։ Կարեւոր է նաեւ, թե ովքեր են թիմում ու ինչու են պետք հենց այդ մարդիկ, նախնական ինչ customer engagement-ներ են եղել ու ինչ չափելի արդյունք կա։
photo © SuperAnnotate AI
Այս բոլոր հարցերին պատասխանելուց հետո հարկավոր է հասկանալի եւ պարզ ներկայացնել դրանք, որպեսզի մարդիկ, որոնք տվյալ ոլորտից չեն, կարողանան պատկերացում կազմել:
Ներդրողները կարող են այնպիսի հարցեր տալ, որոնց հստակ չպատասխանելը կարող է իրենց հետ պահել ներդրում անելուց: Սկզբնական շրջանում կարեւոր է նաեւ, որ գոնե 10-15 ներդրողի հետ նախնական զրույցներ լինեն՝ հասկանալու, թե ինչին են ուշադրություն դարձնում, որտեղ կան թերություններ: Պետք է ներդրողների թիրախավորված ցանկ հավաքել։
Պետք է նաեւ հենց սկզբից լավ հարաբերություններ հաստատել ներդրող գործընկերների հետ։ Նամակագրությունից բացի, եթե հնարավոր է, պետք է նաեւ մարդկային կապեր ստեղծել։
Շատ ցանկալի է նաեւ որոշակի ֆինանսական պատկերացում ունենալ բիզնես մոդելի մասին՝ ինչ ծախսեր են կատարվելու, ինչպես է կառավարվելու եւ աճելու բյուջեն: Հատկապես նախնական փուլում սա շատ կարեւոր է, գոնե առաջին մեկ տարվա պլանը պետք է ունենալ։ Կարեւոր է ներկայացնել նաեւ՝ ինչպես եք նախատեսում ծախսել ներդրված գումարը մոտակա 2 տարում։
Ինչ գիտի լավ ներդրողըՄիշտ պետք է ունենալ նվազագույնը 50 ներդրումային ընկերությունից կազմված ցանկ։ Այնուհետ, տարբեր փուլերով անցնելով, ի վերջո, ունենալ երեք ներդրող, որոնք պատրաստ կլինեն գումար տրամադրել։ Սա լավագույն դեպքում։
Շատ կարեւոր է՝ ում հետ եք համագործակցում։ Եթե այդ անձը լավ հասկանում է տեխնոլոգիաներից, շուկայից եւ կարող է օգնել, հրաշալի է։ Սա նման է ամուսնության, երբ չես կարող բաժանվել։ Իրենք քեզ հետ են մինչեւ վերջ։ Կարեւոր է ճիշտ ընտրել։
Մոտ 150-ից ավելի ներդրողի հետ տարբեր ձեւաչափերով շփվել ենք ու չի ստացվել։ Իհարկե, լավագույն տարբերակն այն է, որ կարողանաս ընտրել ու համագործակցել քեզ համապատասխան ներդրողի հետ։
photo © SuperAnnotate AI
Լավ ներդրողը գիտի՝ հիմնադիրները լավագույնն են հասկանում իրենց բիզնես ուղղությունը, հետեւաբար, պետք է նրանց ազատություն տալ, անհրաժեշտության դեպքում առավելագույնս օգնել։ Մեր բախտը բերել է, որ հենց այդպիսի ներդրողների հետ ենք աշխատում։
Ներդրողների մասնակցությունը նաեւ շատ կարեւոր է թիմի անդամներ ներգրավելու, ղեկավար թիմ հավաքելու հարցում։
$14,5 մլն ներդրման ու նոր ներդրումներ ներգրավելու պլանները2021թ. կեսերին Base10 Partners-ի գլխավորությամբ ստացանք Series A ներդրումային փուլում 14.5 մլն դոլար։ Այս փուլում մեզ համար շատ կարեւոր է շուկայում ընդլայնվելը, մարքեթինգային եւ թիմի ընդլայնման աշխատանքներ տանելը։ Մեծացրել ենք ԱՄՆ թիմն ու հիմա շատ կարեւոր է արագ աճը, որն առանց այդ միջոցների շատ դժվար կլիներ։
Ուզում ենք կենտրոնանալ հենց մեր բիզնեսի կատարելագործման վրա։ Եթե լինեն ներդրումների նոր հնարավորություններ, կարող ենք պրոդուկտի նոր ուղղություններ մշակել, որպեսզի ավելացնենք հաճախորդների թիվը։
Նունե Գրիգորյան