11:48 | 06.10.22 | Նորություններ | 5899

SmartGateVC-ն եւ EFSE DFteam-ը Հայաստանում գործարկել են R&D ընկերությունների ֆինանսավորման նոր մոդել

SmartGateVC-ն համագործակցում է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF) հետ՝ իրականացնելու ֆինանսավորման նոր մոդել վաղ փուլի ստարտափների եւ գիտահետազոտական (R&D) ընկերությունների համար:

Մոդելն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն ուղղված է Հայաստանում նորարարությունը եւ գիտելիքի ստեղծումը խթանելուն:

Ֆինանսավորման նոր մոդելը հանդիսանում է վերականգնվող դրամաշնորհային համակարգ, ըստ որի դրամաշնորհներ ստացողները պետք է վերադարձնեն դրամաշնորհի գումարը որոշակի կայուն հաջողության հասնելու դեպքում: Այսպիսով, վերադարձված գումարը կօգտագործվի ապագայում նմանատիպ այլ դրամաշնորհների համար, այսինքն՝ նույն գումարը կաշխատի ստարտափ էկոհամակարգի համար մի քանի փուլով:

«Մենք կարծում ենք, որ այս փորձնական ծրագիրը կլինի պետական-մասնավոր գործընկերության հիանալի օրինակ, քանի որ մենք օգտագործում ենք դրամաշնորհներ՝ SmartGateVC-ի միջոցով մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու համար: Դրանք նախատեսված են խոստումնալից ստարտափների եւ գիտահետազոտական ընկերությունների համար: Հաջողությամբ ավարտվելուց հետո ծրագիրն ունի ներուժ՝ նպաստելու ավելի մեծ ֆինանսավորման միջոցի ստեղծմանը, որպեսզի կառուցվի ամուր համակարգ եւ հնարավորություն ընձեռվի տարածաշրջանում ներդրումների ռիսկերի նվազեցմանը»,- նշել է SmartGateVC-ի գործընկեր եւ Catalyst Foundation-ի գործադիր տնօրեն Աշոտ Արզումանյանը:

 «Մենք ոգեւորված ենք SmartGateVC-ի հետ այս նոր նախագծով, քանի որ դա հնարավորություն կտա վաղ փուլի, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ ՏՏ ընկերություններին օգտվել իրենց ձեռնարկատիրական ներուժից: Փոքր բիզնեսը Հայաստանի տնտեսության ողնաշարն է, այդ պատճառով կարեւոր է, որ մենք ստեղծենք էկոհամակարգ, որը խրախուսում է նորարարությունը եւ ապահովում կայուն ֆինանսավորում բիզնեսի զարգացման համար»,- ասել է EFSE-ի զարգացման հիմնադրամի նախագահ Թոմաս Ռեկերը:

Այս փոխհատուցվող դրամաշնորհը կմոբիլիզացնի մասնավոր կապիտալը եւ SmartGateVC-ի ներդրումները շատ վաղ փուլի հայկական ընկերություններում՝ ձեռնարկատերերին տրամադրելով համաֆինանսավորում: Ընդհանուր չորս փոխհատուցվող դրամաշնորհները կազմում են 100,000 եվրո, որոնք համընկնում են SmartGateVC-ի մինչեւ 25,000 եվրո փոխհատուցվող դրամաշնորհների հետ վաղ փուլերում սկսնակ ձեռնարկությունների համար եւ մինչեւ 50,000 եվրո գիտահետազոտական ընկերությունների համար:

Հավելյալ 100,000 եվրոյի ֆինանսավորում էլ հատկացված է զրոյական տոկոսադրույքով VC-վարկի տեսքով՝ աջակցելու R&D ընկերություններին ապրանքային ընկերությունների վերածվելու կամ տեխնոլոգիայի վրա հիմնված լուծումներով ընկերություններ ստեղծելու ջանքերին:

Հետաքրքրված R&D ընկերությունները կարող են դիմել մինչեւ հոկտեմբերի 17-ը, իսկ վերջնական ընտրությունը ժյուրիի կողմից կկատարվի նոյեմբերին: Դիմումների փաթեթը հասանելի է այստեղ:

Դրամաշնորհառուները կզուգակցվեն մենտորների հետ, որոնք կաշխատեն նրանց հետ՝ որոշելու, թե որտեղ նրանք օգնության կարիք ունեն եւ կմշակեն մենտորական եզակի ծրագրեր: Նպատակներն ու խնդիրները սահմանելը կլինի մենտորների հետ աշխատանքի առաջին քայլը, որին կհետեւեն անհատական հանդիպումները: Բացի նվիրված մենտոր ունենալուց, թիմերը կկարողանան համապատասխան աջակցություն ստանալ SmartGateVC ցանցի անհատական խորհրդատվությունների միջոցով:

SmartGateVC-ն նախկինում համագործակցել է EFSE DF-ի հետ՝ գործարկելու Hero House AI ինկուբատորի 2-րդ շրջափուլը 2021 թվականին, ինչպես նաեւ Armenia Startup Academy Pre-accelerationProgram-ի 5-րդ շրջափուլը 2020-ին: