17:10 | 05.10.22 | Նորություններ | 5982

Երեւանում մեկնարկել է Գլոբալ ինովացիոն ֆորումը՝ Moderna-ի, IBM-ի, Huawei-ի եւ այլ ՏՏ հսկաների մասնակցությամբ

Moderna, McKinsey & Company, ABBY, IBM, Flagship Pioneering, Cognaize, Analog Devices, Huawei, AI Fund, Synopsis, Syniverse Technologies, TotalEnergies SE, PMI Science ընկերությունների, Համաշխարհային բանկի, տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների բարձր ներկայացուցիչները Երեւանում են՝ մասնակցելու «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումին՝ GIF22-ին։

Հոկտեմբերի 5-6-ն անցկացվող ֆորումը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա միջոցառումն է, որի առանցքում արհեստական բանականության կիրառություններն ու մարդկային գործունեության վրա դրա ունեցած ազդեցություններն են։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշել է, որ GIF-ը դարձել է հիմնադրամի այցեքարտային միջոցառումը՝ հայտ ներկայացնելով Հայաստանը դիրքավորել որպես նորարարությունների երկիր:

«Գլոբալ ինովացիոն ֆորումը մտքերի փոխանակման եւ երկխոսության յուրահատուկ ձեւաչափ է կառավարության, տեղական ու միջազգային կրթական, գիտական ու ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներկայացուցիչների միջեւ: Գիտությունը սահմանափակված չէ որեւէ տարածքով, այն համաշխարհային է՝ իր ստեղծման ու բոլորին հասանելի դառնալու առումով, եւ գիտական աշխատանքի մեխը համագործակցությունն է։ Ուրախ ենք, որ ականավոր գիտնականները, ձեռնարկատերերն ու մտքի առաջատարներն ամբողջ աշխարհից աջակցում են մեր ջանքերին Հայաստանը տեղավորել համաշխարհային նորարարական քարտեզի վրա»,-ասել է Արմեն Օրուջյանը:

Արհեստական բանականությունը բուռն զարգացող տեխնոլոգիական ոլորտ է, որն ի զորու է վերափոխելու մեր սոցիալական ու մասնագիտական փոխազդեցությունների յուրաքանչյուր ասպեկտ: Օրուջյանը հավատացած է, որ Հայաստանն ունի ներուժ դառնալու ԱԲ ոլորտում առաջատար երկրներից մեկը համապատասխան ֆինանսական ներդրումների իրականացման դեպքում:

GIF22-ը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու առաջնորդներին ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական ինստիտուտների միջեւ:

Միջոցառման գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն է, ով ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է։

Այս տարի եւս ֆորումի ընթացքում կիրառվում են տարբեր ձեւաչափեր՝  հետաքրքիր բանախոսություններ, պանելային քննարկումներ եւ հարցուպատասխան։ Ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում նախատեսվում է Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձեւաչափ, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։

GIF-ի շրջանակում Հայաստան է ժամանել շուրջ 70 խոսնակ ու հյուր ավելի քան 20 երկրից, այն մեկ հարկի տակ է միավորել ոլորտով հետաքրքրվող ավելի քան 1000 մասնակցի։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի ֆորումի մասնակից: