16:36 | 26.09.22 | Նորություններ | 6432
Վիվա-ՄՏՍ-ը եւ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին աջակցելու նպատակով:
Ողնուղեղային, գլխուղեղային, վերին եւ ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ հետվնասվածքային բարդությունները կանխելու համար հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Կոռնիձորցի Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել։
«Հարութը սպա է. կարգուկանոնին հետեւելու վճռականությունն ու մոտիվացիան, ձգտումը շատ մեծ էին: Չնայած իր՝ ծանր վնասվածքի, լավ արդյունք կա նույնիսկ այսօր: Երբ հասնում ենք մի մակարդակի, ունենում ենք քայլք, բայց դա այն չէ. կան շտկման անհրաժեշտ դետալներ՝ մկանների թուլության պատճառով: Սկսում ենք կիրառել օրթեզ՝ քայլքը փոխելու եւ այն ավելի սահուն դարձնելու համար: Օրթեզը ոչ միայն հեշտացնում է Հարութի քայլքը, այլեւ լրացուցիչ ջանքեր չի պահանջում, էներգիա է խնայում», - ասել է Հարութի հետ աշխատող կինեզոթերապիստներից Հայկ Խաչատրյանը:
Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երեւան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Պատերազմի հետեւանքներով նույն ճանապարհն անցած զինվորականներին օգտակար լինելու համար մասնագետները ջանք չեն խնայում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանորեն վերականգնման արդյունք է ակնկալվում: