17:26 | 26.08.22 | Նորություններ | 1996

Moderna-ն դատի է տվել Pfizer/BioNTech-ին

Նուբար Աֆեյանի հահահիմնադրած Moderna ընկերությունը դատի է տվել Pfizer-ին եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ին՝ պնդելով, որ նրանք կրկօրինակել են կորոնավիրուսի համավարակից տարիներ առաջ Moderna-ի մշակած mRNA տեխնոլոգիան:

«Մենք կարծում ենք, որ Pfizer-ը եւ BioNTech-ը ապօրինի կերպով պատճենել են Moderna-ի գյուտերը եւ շարունակել են օգտագործել դրանք առանց թույլտվության», - ասել է Moderna-ի գլխավոր իրավաբան Շենոն Թայմ Քլինգերը:

Moderna-ն հայտարարել է, որ 2010-ից 2016 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում պատենտավորել է իր mRNA տեխնոլոգիան, որը կարեւոր նշանակություն է ունեցել ընկերության կողմից կորոնվիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար:

«Մենք այս հայցերը ներկայացնում ենք՝ պաշտպանելու նորարարական mRNA տեխնոլոգիական հարթակը, որը մենք ստեղծել ենք, միլիարդավոր դոլարներ ենք ներդրել եւ արտոնագրել ենք COVID-19 համաճարակին նախորդող տասնամյակի ընթացքում», - ասել է Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:

2020 թվականի գարնանը Նուբար Աֆեյանն ասել էր, որ երեք տարուց ավելի է, ինչ ԱՄՆ-ի Ազգային առողջապահական ինստիտուտի հետ զբաղվել են կորոնավիրուսի նախորդ տարբերակների դեմ պատվաստանյութի հետազոտություններով։

Համավարակի տարածումից հետո ինստիտուտը Moderna Therapeutics-ին առաջարկել էր նոր վարակի դեմ պատվաստանյութի վրա աշխատել։

«Մենք պատրաստ էինք թե՛ տեխնոլոգիայի, թե՛ փորձառության առկայության տեսանկյունից, եւ շուտով կարողացանք ստեղծել պատվաստանյութի մեր տարբերակը»,- ասել էր Նուբար Աֆեյանը։  

Moderna-ի մշակած mRNA-1273-ը հիմնված է գենետիկական նյութի վրա, մշակված է շատ առանձնահատուկ բաղադրատոմսով եւ արտադրում է կորոնավիրուսի պրոտեիններ (սպիտակուցներ)։ Քանի որ վիրուսը, որպես կանոն, օգտագործում է այդ պրոտեինը՝ թոքերի բջիջները «շրջափակելու» համար, այս պատվաստանյութը կարող է հակամարմիններ արտադրելու համար առողջ իմունային համակարգ ստեղծել՝ մինչ վարակվելը։