12:52 | 24.08.22 | Նորություններ | 2378
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) ու STARMUS միջազգային փառատոնի միջև հուշագիր է ստորագրվել սեպտեմբերի 5-11-ը Երևանում կայանալիք միջազգային «Սթարմուս» գիտական 6-րդ փառատոնին ընդառաջ։
FAST-ը՝ որպես Հայաստանում կրթական ու գիտական էկոհամակարգի վերափոխման առաջամարտիկ, հանդես կգա գիտության, արվեստի ու երաժշտության ոլորտի «Սթարմուս» փառատոնի գործընկեր՝ նպաստելով կազմակերպության առաքելության իրականացմանն ու գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումների կայացմանը Հայաստանում։
Հավատարիմ մնալով գիտության ոլորտում կրթության զարգացման տեսլականին՝ FAST-ը ձեռք է բերել «Սթարմուս» փառատոնի 100 տոմս, որոնք տրամադրելու է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին՝ այս կարևոր իրադարձությանը մաս կազմելու համար։
Բացի այդ՝ հիմնադրամը մասնակցություն կունենա «50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնի շրջանակներում իրականացվող Գիտության ճամբարին Ազատության հրապարակում։
FAST-ն առանձին տաղավարի միջոցով կներկայացնի իր հնգամյա գործունեությունը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում և կցուցադրի տեղական ԱԲ ընկերությունների պրոդուկտները։
Գիտության ճամբարը կանցկացվի սեպտեմբերի 8-11-ին՝ ժամը 17։00-ից 23։00-ը եւ բաց կլինի բոլոր այցելուների համար։