15:13 | 23.08.22 | Նորություններ | 2628
Հայաստանում ամփոփվել է imaGen երիտասարդական համաշխարհային նախաձեռնության շրջանակում անցկացվող «Սերունդ առանց սահմանների» մրցույթի ինկուբացիոն փուլը։ Հետաքրքիր նախագծերի գաղափարներ ներկայացրած հայ երիտասարդների յոթ թիմից երկուսն անցել է հաջորդ՝ միջազգային փուլ եւ մրցելու է աշխարհի տարբեր երկրների թիմերի հետ։
«Այբ» կրթական հիմնադրամից հայտնել են, որ «Սերունդ առանց սահմանների» մրցույթը Հայաստանում իրականացվում է երկրորդ անգամ: Այս տարի մրցույթը մեկնարկել է մարտին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։ Մրցույթի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, «Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն ու «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 109 հայտ՝ Հայաստանի վեց մարզի եւ Երեւանի 14-24 տարեկան երիտասարդների կողմից։ Ընդհանուր ընտրական հանձնաժողովն առանձնացրել է 12-ը, որոնք ներկայացնող թիմերը մրցել են մայիսի 28-29-ին Դիլիջանում անցկացված վարժանքի ընթացքում։
Արդյունքում հայ երիտասարդների 7 թիմ՝ նախաֆինանսավորում ստանալով (1000 դոլարին համարժեք դրամ), անցել է ինկուբացիոն փուլ եւ սկսել նախագծերի իրականացումը։
Ինկուբացիոն փուլի ընթացքում այդ թիմերը, աշխատելով համապատասխան ոլորտների փորձագետների հետ, միջազգային փուլին ընդառաջ ձեռք են բերել նոր հմտություններ եւ իրականացրել իրենց առաջարկած գաղափարները։
Ըստ «Սերունդ առանց սահմանների» մրցույթի կանոնների՝ միջազգային փուլին կարող է մասնակցել յուրաքանչյուր երկրից երկու թիմ։ Գաղափարների ներկայացման ավարտին ժյուրիի քվեարկության արդյունքում միջազգային փուլին մասնակցելու համար ընտրվել են MeDialog-ի եւ Landslide Rulers-ի գաղափարները։
MeDialog թիմը Հայաստանում մեդիագրագետ հասարակություն ձեւավորելու նպատակով սեղանի խաղ է ստեղծել եւ պլանավորում է դեռահասների համար այս թեմայով դասընթացներ կազմակերպել։ Landslide Rulers-ի գաղափարն առնչվում է սողանքների կանխարգելմանը, ինչի համար թիմը կառուցում է հատուկ կենսաճաղավանդակներ։
«Սերունդ առանց սահմանների» մրցույթի միջազգային փուլի հաղթողները հայտնի կդառնան այս տարվա հոկտեմբերին։