11:42 | 09.08.22 | Նորություններ | 1775

AMD համաշխարհային առաջատար ընկերությունն ընդլայնվում է Հայաստանում

Աշխարհում կիսահաղորդիչների եւ պրոցեսորներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Advance Micro Devices (AMD) ամերիկյան ընկերությունը, մտադիր է գործունեությունն ընդլայնել Հայաստանում:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

AMD ընկերության ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան։ Կորպորատիվ հարցերով փոխնախագահ Ամիթ Գուպտայի հետ քննարկվել էր ոլորտային գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը, Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

Նրանց ներկայացվել էր պետական ծրագիրը, որով նախատեսվում է սուբսիդավորել գիտնականների եւ համաշխարհային հայտնի բուհերի այն շրջանավարտների աշխատավարձի մի մասը, ովքեր աշխատանքի կտեղավորվեն հայաստանյան ընկերություններում եւ ուսումնական հաստատություններում։

Ըստ ծրագրի՝ կառավարությունը կսուբսիդավորի համաշխարհային բուհերի շրջանավարտ-մասնագետների աշխատավարձի մինչեւ 20%-ը, գիտական հետազոտությունների հետ կապված ընկերություններում պաշտոններ զբաղեցնող, գիտությունների դոկտորի կոչում (PhD) ունեցող գիտնականների աշխատավարձի մինչեւ 50%-ը, բուհերի հրավիրված դասախոսների աշխատավարձերի մինչեւ 70%-ը։

Նախարարի խոսքով՝ ընկերությունը ոգեւորված է պետական ծրագրով եւ պատրաստ է Հայաստան բերել այնպիսի մասնագետների, ովքեր կդասավանդեն բուհերում եւ  կմշակեն ուսումնական ծրագրեր անհրաժեշտ մասնագետների պատրաստման համար։
Այս պահին ընկերության տեղի ներկայացուցչությունում աշխատում է 90 աշխատակից։