13:16 | 08.08.22 | Նորություններ | 1233

Apple-ը iPhone 14-ը ուղիղ եթերով չի ներկայացնի

Apple ընկերությունն սկսել է տեսագրել իր սեպտեմբերյան շնորհանդեսը, որում կներկայացնի iPhone 14-ը, Apple Watch Series 8 խելացի ժամացույցը եւ ապրանքանիշի այլ նորամուծություններ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։ Ապրանքանիշի որոշ երկրպագուներ հույս ունեին, որ Apple-ը հանդիսատեսի հետ կանցկացնի iPhone-ի «կենդանի» շնորհանդեսը, սակայն նախապատվությունը տրվել է նախապես ձայնագրված տեսանյութին։

Apple-ն այս տարի աշնանը նախատեսել է նախորդ տարիների նման միանգամից երկու միջոցառում։ Սեպտեմբերյան շնորհանդեսը կկենտրոնանա iPhone-ի եւ Apple Watch-ի վրա, իսկ հոկտեմբերի երկրորդ միջոցառումը՝ Mac-ի եւ iPad-ի վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը ստիպված է լինելու սկսել iPhone 14-ի արտադրությունը Հնդկաստանում։ Վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի կարծիքով՝ սա ընկերության կողմից պարտադրված քայլ էր. ապրանքանիշն աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման պատճառով վախենում է Չինաստանում լոգիստիկայի հետ կապված խնդիրներից: