11:04 | 14.07.22 | Նորություններ | 2145

Ես լքում եմ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը. Բիլ Գեյթս

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր ողջ կարողությունը կտրամադրի բարեգործական հիմնադրամին, որը հիմնել է իր արդեն նախկին կնոջ՝ Մելինդայի հետ։

«Ես նախատեսում եմ իմ գրեթե ողջ կարողությունը տրամադրել հիմնադրամին: Ես կիջնեմ ներքև ու ի վերջո կլքեմ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը»,- գրել է Գեյթսը Twitter-ում:

Անցած մի քանի տարիների ընթացքում աշխարհը մի քանի սարսափելի ցնցումներ է ապրել, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակը և Ուկրաինայում պատերազմը, որոնք «շատ մարդկանց տապալել են, այժմ պետք է մտածել, թե արդյոք աշխարհին վիճակված է ավելի վատանալ», գրել է նա:



«Բայց ես մնում եմ լավատես», - խոստովանել է Գեյթսը՝ հավելելով, որ կարծում է, որ «հնարավոր է մեղմել վնասը և վերադառնալ այն առաջընթացին, որին հասել է աշխարհը»:

Գեյթսը հիշում է, որ 2000 թվականին նա և իր կինը հիմնադրեցին հիմնադրամ, որը տարեկան 6 միլիարդ դոլար էր տրամադրում բարեգործական նպատակներին: Ըստ Microsoft-ի հիմնադրի՝ մեր ժամանակի մեծ ճգնաժամերը մեզանից ավելին են պահանջում և այժմ հիմնադրամը տարեկան կտրամադրի 9 միլիարդ դոլար, ինչի նպատակով էլ հիմնարամին տրամադրել է 20 միլիարդ դոլար։

Չնայած հիմնադրամը կրում է Բիլ և Մելինդա Գեյթսների անունները, ընդգծեց Microsoft-ի հիմնադիրը, նրա միջոցների կեսը տրամադրել է ներդրող Ուորեն Բաֆեթը։

«Ես պարտավոր եմ իմ ռեսուրսները վերադարձնել հասարակությանն այնպիսի ձևերով, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն տառապանքը նվազեցնելու և կյանքը բարելավելու վրա: Եվ հուսով եմ, որ այս պահին շատ հարուստ և արտոնյալ դիրքերում գտնվող այլ մարդիկ նույնպես քայլ առաջ կանեն»,-գրել է Գեյթսը։

Bloomberg-ը Գեյթսի կարողությունը գնահատում է 114 միլիարդ դոլար և նրան դասում է աշխարհի ամենահարուստներից չորրորդը: Աշխարհի ամենահարուստ գործարարների վարկանիշում, որը Forbes-ը թարմացնում է իրական ժամանակում, Գեյթսի կարողությունը հուլիսի 13-ի երեկոյան գնահատվել է 122,1 միլիարդ դոլար։