12:36 | 06.07.22 | Նորություններ | 1668

Թումոն կհրատարակի գրաֆիկական վեպ Մեսրոպ Մաշտոցի մասին

«Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի տպագիր տարբերակը շուտով հասանելի կդառնա հանրությանը։

Գրաֆիկական վեպը ստեղծվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափի կողմից` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ:

Այն պատմում է պատանիներ Եզնիկի եւ Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարվում է իրենց ուսուցչի` Մաշտոցի կողմից, ով ներքաշում է աշակերտներին արկածներով ու փորձություններով լի ճամփորդության մեջ` ձեռնամուխ լինելու իրենց կյանքի մեծագույն առաքելությանը: Ինչպես հուշում է վերնագիրը, վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք:

Հեղինակները հայոց գրերի ստեղծման պատմությունը վերաիմաստավորել են ժամանակակից միջոցներով` ստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարդներին գրավիչ լեզվով:

«Մաշտոցի կերպարի եւ հայոց գրերի ստեղծման գյուտի նորարար բնույթի ներկայացումը կարդացողին հնարավորություն կտա վերագտնել կապն այդքան անհաս թվացող իրադարձությունների հետ»,-նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Կոմիքսը կհրատարակվի տարվա ընթացքում, այն կիրականացնեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ «Անտարես» մեդիա հոլդինգը։ Հետագայում նախատեսվում է նաեւ տպագրել վեպի արեւմտահայերեն տարբերակը։