Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կհամախմբի Հայաստանում գործող ՏՏ ընկերություններին ու մասնագետներին։ Տեխնոլոգիական համայնքին եւ այդ ոլորտ նոր մուտք գործող երիտասարդներին աջակցելու նպատակով այս տարի միջոցառմանը որպես գործընկեր միացել է նաեւ Team Telecom Armenia-ն։
«Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք աջակցում ենք երկրում իրականացվող կրթական ու գիտական նախաձեռնություններին։ Վստահ եմ՝ Tech Week-ը կնպաստի Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը, նոր թիմերի ստեղծմանն ու փորձի փոխանակմանը»,- ասել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Tech week Gyumri-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Միջոցառման ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, մրցույթներ, պանելային քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ ապակենտրոնացումից մինչեւ բիզնեսում մարդկային ռեսուրսների ու ստարտափների համար առաջին հաճախորդների դերի կարեւորություն։
Հուլիսի 3-ին՝ ժամը 16:20-ին, «Գործատուի բրենդը որպես հաջողակ թիմեր կառուցելու գրավական» թեմայով պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ Maeutica, Service Titan, AMD Armenia, Webb Fontaine, Instigate Mobile CJSC ընկերությունների ղեկավարները կկիսվեն բրենդեր ստեղծելու իրենց փորձով ու երջանիկ թիմեր ձեւավորելու գաղտնիքներով։
Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։