Հունիսի 22-ին կայացել է Orion Summit 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը մեկ հարթակում էր համախմբել հեղինակավոր ընկերությունների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից եւ Լիտվայից։
Մեկ ամբողջ օր տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի եւ այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ եւ խորհրդատուներ մասնակցել են 5 պանելային քննարկման:
Գագաթնաժողովի գլխավոր բանախոսը ներդրումային բանկերի եւ ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանն էր։
«Պետք է միշտ առաջ շարժել՝ չսահմանափակվելով ուղղակի ստարտափների եւ ՏՏ ոլորտի համար լավ պայմաններ ստեղծելու մասին խոսակցություններով։ Գագաթնաժողովի առաքելությունն է զարգացնել Հայաստանը, հասնել արագացված աճի, քանի որ նաեւ այս միջոցառման մասնակիցներն են ձեւավորում էկոհամակարգը։ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը, ձեռքբերումների եւ միաձուլումների աճը, միաեղջյուրների զարգացումն այն թեմաներն են, որոնք կարող են լինել լուրջ փոփոխությունների հիմքում»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
Orion Summit 2022-ի շուրջ մեկ հարթակում էին հավաքվել հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Ամերիաբանկը, SADA-ն, Adobe-ն, Grant Thornton-ը, EY-ը եւ մյուս բոլոր գործընկերները:
Գագաթնաժողովի ժամանակ տրվել է Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մեկնարկը, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առեւտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։
Հաջորդ Orion Summit-ը տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: