17:51 | 09.06.22 | Նորություններ | 2174

PMI Science-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի աշխարհագրությունն ընդլայնվել է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ընդլայնել է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող գիտական ծրագրերի աշխարհագրությունը։ Այսուհետ ծրագրերին կարող են դիմել նաեւ մասնագետներ եւ հետազոտական թիմեր արտերկրից։

Հայաստանի եւ արտերկրի առաջատար հետազոտական ինստիտուտների, բուհերի եւ ընկերությունների հետազոտական թիմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) 2022թ-ի ծրագրին։

Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում եւ համակարգված օժանդակություն տարբեր գիտական ուղղությունների հետազոտական թիմերի։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 15 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում՝ յուրաքանչյուրը շուրջ 7 մլն դրամի չափով, ինչպես նաեւ մասնագիտական աջակցություն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 15-ը, ժամը 23։59 (Երեւանի ժամանակով)։ Ծրագրի մանրամասները հասանելի են այս հղումով։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնել են, որ մեկնարկել է նաեւ Ասպիրանտների աջակցության (PhD Support Program) 2022թ-ի ծրագրով Հայաստանի եւ արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներից հայտերի ընդունման գործընթացը։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսական շուրջ 360,000 դրամի չափով ֆինանսավորում, մասնագիտական աջակցություն մենտորների կողմից, ինչպես նաեւ կմասնակցեն համայնքային բացառիկ միջոցառումների։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 15-ը, ժամը 23։59-ն է։