15:50 | 06.06.22 | Նորություններ | 1107

Հայ աշակերտների ստեղծած սարքը կուղարկվի տիեզերք

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին։

«Այբ» դպրոցի աշակերտների  նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկնելու։

Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ և երիտասարդներ: Եզրափակիչ փուլ անցել էին 3 թիմ (Ad Astra, AYAS, GDL), որոնք էլ ներկայացրել են իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրության համար։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները  մրցույթում հաղթելու շնորհիվ նաև հնարավորություն կունենան մասնակցելու «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին։