13:40 | 02.06.22 | Նորություններ | exclusive 14964

Մայք Բատչեր (TechCrunch). Հայաստանը վաղուց անհավանական տաղանդների աղբյուր է

Հունիսի 1-ին եւ 2-ին Երեւանում անցկացվում է Emerge 2022 միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ՏՏ ոլորտի ավելի քան 2 800 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից:

Կոնֆերանսի հատուկ հյուրն է TechCrunch առաջատար տեխնոլոգիական հարթակի գլխավոր խմբագիր Մայք Բատչերը: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան՝ «ԱրմԹեք 2017» համաժողովից հետո։

Itel.am-ը կարճ զրույց է ունեցել Մայք Բատչերի հետ.

- Առաջին անգամ այստեղ էի մինչեւ կորոնավիրուսի համաճարակը, ուստի շատ բան է փոխվել։ Ոլորտի մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի, իսկ այստեղ էներգիայի, ստարտափների, ստեղծագործականության իսկական պայթյուն է։

Ուկրաինայում պատերազմի պատճառով աճել է հետարքրքությունը Հայաստանի նման երկրների հանդեպ։ Կարծում եմ, որ հայ-ռուսական մտքերի միախառնումը կարող է տեխնոլոգիաների եւ ստեղծագործականության հսկայական պայթյուն ապահովել:

Տեսնում եմ շատ հետաքրքիր մարդկանց, որոնց տեղի էկոհամակարգում ու տեխնոլոգիական ոլորտում ներգրավելը հիանալի խթան կլինի երկրի տնտեսության համար:

Միտումները, որ տեսնում եմ Հայաստանում՝ մաթեմատիկական մեծ տաղանդներն են։

Հայաստանը երկար տարիներ եղել է անհավանական տաղանդների աղբյուր: Նաեւ նկատում եմ, որ Սիլիկոնային հովիտը սկսել է ուշադրություն դարձնել հայկական ստարտափ էկո-համակարգին՝ ոչ միայն տաղանդներ ներգրավելու առումով։
Վառ օրինակ է Krisp-ը, որն արդեն ունի հարյուրավոր ծրագրավորողներ, աշխատում է նեյրոնային ցանցերի եւ խորը արհեստական բանականության ուղղությամբ:

Նունե Գրիգորյան