11:42 | 17.05.22 | Նորություններ | 1308

Դիջիքեմպ ճամբարն ընդունում է հայտադիմումներ

Հուլիսի 13-25-ը կանցկացվի Դիջիքեմպ եռամրցաշար-ճամբարը, որի նպատակն է նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների եւ նախագծերի առաջխաղացմանը միաժամանակ կարեւորելով մշակութային ժառանգության փոխանցումը եւ մարմնակրթության զարգացումը։

Եռամրցաշարը ունի «Միտք-Մշակույթ-Մարմնամարզություն» խորագիրը՝  

•    միտք․ նորարական տեխնոլոգիական գաղափարների զարգացում եւ մրցույթ (ԱՏՁՄ կողմից նախկինում անցկացված Դիջիքեմպ ճամբարի ձեւաչափով),
•    մշակույթ․ հայկական ազգագրական ավանդական պարի ուսուցում եւ մրցույթ,
•    մարմնամարզություն․ սպորտային դասընթացներ եւ մինի ֆուտբոլի մրցույթ։

Ճամբարի մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ մշակված նորարար գաղափար կամ արդեն զարգացման փուլում գտնվող նախագիծ։

Մասնակցությունը թիմային է՝ խումբը պետք է բաղկացած լինի 6 մասնակցից (3 աղջիկ, 3 տղա)։ Եռամրցաշարին մասնակցելու հնարավորություն ստանալու են 30 թիմ։

Հայտադիմումները անհրաժեշտ է ներկայացնել այստեղ մինչեւ հունիսի 5-ը ներառյալ։ Ճամբարը կանցկացվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Նորարարական գաղափարների եւ նախագծերի մրցույթը կանցկացվի ճամբարի վերջին օրը՝ մասնակիցները ներկայացնելու են իրենց նախագծերը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիին։

Դիջիքեմպ եռամրցաշար-ճամբարը նախաձեռնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ Գյոթե կենտրոնի հետ համատեղ։